Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության ոլորտում ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը՝ վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում իրականացվող հիմնական բարեփոխումները՝ առանձնահատուկ անդրադառնալով կրթական համակարգում արհեստական բանականության ինտեգրմանը։ Մասնավորապես՝ նա առանձնացրել է ավագ դպրոցներում ԱԲ սերունդ, STEP.AI կրթական ծրագրերը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը, որն ուղղված է ԱԲ ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության և OpenAI միջազգային ընկերության համագործակցությունը, որի շրջանակում ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին՝ առաջիկա սեպտեմբերից ապահովելով շուրջ 50 հազար բաժանորդագրություն ուսանողների, ուսուցիչների և հետազոտողների համար։ Այս համատեքստում քննարկվել են նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
