Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում չի լինի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից,- հայտնում է France 24-ը։
«Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից, որն ապակայունացնում է տարածաշրջանը, չի հրաժարվել իր բալիստիկ հրթիռների ծրագրից, որոնցից մի քանիսը մի օր կարող են թիրախավորել Եվրոպան»,- ասել է Բարոն ֆրանսիական BFMTV լրատվականին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իրանին «հարգել» փոխըմբռնման հուշագրում ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում նոր սրացման հետևանքով «միայն պարտվողներ կլինեն Իրանում, Միացյալ Նահանգներում և աշխարհի մյուս բոլոր վայրերում»։
Անցյալ ամիս Բարոն հայտարարել էր, որ Փարիզը ցանկանում է դերակատարություն ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում և չի համաձայնի ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացմանը, քանի դեռ համոզված չէ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմում վերջնական խաղաղության համաձայնագրի պայմանների հարցում։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
