Օրեր առաջ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը` Աջափնյակ վարչական շրջան), որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարաձգի Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց, ապա խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել է քննիչի միջնորդությունը և Վ․ Մարկոսյանի նկատմամբ կիրառել է վարչական վերահսկողություն և համացանցից օգտվելու սահմանափակումներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարանում դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստ էր տեղի ունեցել։ Մայիսի 6-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը բավարարեր այն և երկամսյա կալանքի որոշում տար Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանին։

Դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո դատարանը հրապարակել էր որոշումը, որով Վ․ Մարկոսյանի նկատմամբ կիրառվել էր երկամսյա տնային կալանք, բացակայելու արգելք և այդ ընթացքում արգելվել էր կապը անձանց հետ և շփումը համացանցով։

Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս),

344-րդ հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)

և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը նաև հայտնել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Պետրոսյանի որոշմամբ ՀՀ Քր.օր.-ի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր ապրիլի 23-ին ժամը 12:00-ին Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

Պարզվել էր, որ հիվանդանոց էին տեղափոխվել «Mercedes CLS»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանը, վերջինի ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Էռնեստ Սահակովը, «Jaguar»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Սիմա Միլիտոնյանը, որոնք տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ թիվ 53 երթուղու ավտոբուսի ուղևոր Երևանի բնակիչ 53-ամյա Աննա Հակոբյանը տեղափոխվել էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հաստատվել էր մեր այն տեղեկությունը, որ «Mercedes «CLS»-ի վարորդ Վ. Մարկոսյանը ավտոմեքենան վարել էր դրա իրավունքը չունենալով, նրա վարորդական իրավունքը եղել էր կասեցված ու ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *