Կրկին դատական հայց Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս անգամ հայցը ներկայացրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, այն կրկին վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 11-ի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր․ «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։

Հայցապահանջը պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու մասին է։

Գործը դատարան է ստացվել հուլիսի 14-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության համար դատական հայց էր ներկայացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա փաստաբան Լուսինե Ավագյանը։ Նշենք, որ Բագրատ Սրբազանի հայցադիմումը դատավոր Մարինա Տաշչյանն ընդունել է վարույթ։

Հասմիկ Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *