Կորեայի Հանրապետության նախագահ Լի Ջե Մյոնը վաճառել է իր միակ բնակարանը և խոստովանել, որ «այժմ տուն չունի»։ Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նախագահն իր միակ բնակարանը, որը գտնվում է Սեուլի մերձակա Սոննամ քաղաքում, վաճառքի էր հանել փետրվարին՝ անշարժ գույքի շուկայի կայունացմանն ուղղված իր իրականացրած միջոցառումների նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու համար։
Ներկայումս Հարավային Կորեայի իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որը խրախուսում է բնակարանատերերին (ովքեր իրենք չեն բնակվում այդ տներում) վաճառել իրենց սեփականությունը, այլ ոչ թե պահել այն հետագա ներդրումների ու սպեկուլյացիաների նպատակով։ Այսպիսով, նախատեսվում է ընդլայնել բնակարանային ֆոնդը և վերացնել որպես ակտիվ պահվող դատարկ բնակարանների խնդիրը, ինչը բացասաբար է անդրադառնում հարավկորեական անշարժ գույքի շուկայում գնագոյացման վրա։
«Ես այժմ տուն չունեմ»,- բնակարանային քաղաքականության հարցերով կառավարության նիստի ժամանակ Լի Ջե Մյոնի հնչեցրած խոսքերն է մեջբերում «Ռյոնհապը»։
Նշվում է, որ այս բնակարանին նա տիրապետում էր համատեղության կարգով՝ իր տիկնոջ՝ առաջին տիկին Կիմ Հե Գյոնի հետ: Ըստ հաղորդման՝ ներկայումս արդեն կնքվել է վաճառքի նախնական պայմանագիրը, իսկ առաջիկա օրերին կստորագրվի նաև հիմնականը:
«Չոսոն իլբո» թերթի տվյալներով՝ նախագահի վաճառած բնակարանի մակերեսը 164 քառակուսի մետր է. այն նրա սեփականությունն է հանդիսանում 1998 թվականից։ Ինչպես նշվում է, փետրվարին Լի Ջե Մյոնն այն վաճառքի է հանել 2,9 միլիարդ վոնով (շուրջ 1,9 միլիոն ԱՄՆ դոլար), և այն վաճառվել է հենց այդ գնով։
Ինքը՝ պետության ղեկավարը, տիկնոջ հետ միասին ներկայումս բնակվում է Սեուլի Հաննամդոն թաղամասում գտնվող նախագահական պաշտոնական ռեզիդենցիայում։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
