Այն կանայք, որոնք նախընտրում են ուշ քնել և սնվել երեկոյան ժամերին, կարող են ունենալ մարմնի ճարպի ավելի բարձր տոկոս և նյութափոխանակության ավելի նվազ բարենպաստ ցուցանիշներ: Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնց աշխատությունը հրապարակվել է Frontiers in Nutrition բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները պարզել են, որ երեկոյան քրոնոտիպ ունեցող կանայք, այսինքն նրանք, ովքեր բնականորեն ավելի ուշ են քնում և արթնանում, օրական էներգիայի մեծ մասը սպառում են երեկոյան ժամերին: Սննդի ընդունման նման ռեժիմը կապված է եղել մարմնի ընդհանուր և որովայնային ճարպի ավելի բարձր պարունակության, ինչպես նաև նյութափոխանակության ավելի վատ ցուցանիշների հետ՝ առավոտյան կամ միջանկյալ քրոնոտիպ ունեցող կանանց համեմատ:

Երեկոյան քրոնոտիպով կանայք միջինում ավելի երիտասարդ են եղել, ավելի հաճախ են ունեցել մարմնի զանգվածի բարձր ինդեքս (ՄԶԻ) և ճարպային հյուսվածքի ավելի մեծ քանակություն՝ հատկապես որովայնի շրջանում: Բացի դրանից, նրանց մոտ ավելի հաճախ է նկատվել այսպես կոչված «սոցիալական ջեթլագը»՝ անհամապատասխանությունը ներքին կենսաբանական ժամացույցի և սոցիալական ժամանակացույցի միջև:

Արյան հետազոտությունները ցույց են տվել, որ երեկոյան քրոնոտիպով կանանց օրգանզիմում բարձր են եղել տրիգլիցերիդների, ինսուլինի, լեպտինի և գլիկացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակները, ինչը վկայում է ածխաջրային փոխանակության և հորմոնալ կարգավորման ոչ բարենպաստ վիճակի մասին: Թեև HbA1c-ի արժեքները մնացել են նորմայի սահմաններում, նման փոփոխությունները կարող են մատնանշել ապագայում նյութափոխանակության խանգարումների զարգացման բարձր վտանգի մասին:

Հետազոտողները միաժամանակ զգալի տարբերություններ են հայտնաբերել սնվելու ռեժիմում: Առավոտյան և միջանկյալ քրոնոտիպով կանայք կալորիաների, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի մեծ մասը սպառել են մինչև առավոտյան ժամը 10-ը, մինչդեռ երեկոյան քրոնոտիպով կանայք օրական էներգիայի զգալի մասը ստացել են երեկոյան 20:00-ից հետո: Բացի դրանից, նրանք ընդհանուր առմամբ ավելի շատ ածխաջրեր են օգտագործել և ավելի հազվադեպ են ստացել բավարար քանակությամբ բջջանյութ, վիտամիններ, հանքանյութեր ու այլ սննդարար նյութեր:

Ճարպի բարձր տոկոս կամ արտահայտված որովայնային գիրություն ունեցող կանանց շրջանում երեկոյան քրոնոտիպի ներկայացուցիչներն ավելի հաճախ սպառել են ավելի քիչ էներգիա և սննդարար նյութեր առավոտյան, բայց ավելի շատ կալորիաներ, ածխաջրեր, ճարպեր և սպիտակուցներ՝ երեկոյան:

Չնայած սպառված կալորիաների և հիմնական սննդարար նյութերի ընդհանուր նման քանակությանը՝ երեկոյան քրոնոտիպով կանայք ցուցադրել են մարմնի նվազ բարենպաստ կազմություն: Դա թույլ է տալիս ենթադրել, որ սննդի ընդունման ժամանակը կարող է ինքնուրույն դեր խաղալ նյութափոխանակության առողջության պահպանման գործում՝ անկախ սննդակարգի ընդհանուր կալորիականությունից:

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը կրել է դիտողական բնույթ և թույլ չի տալիս պնդել, թե հենց ուշ սնվելն է առաջացնում գիրություն կամ նյութափոխանակության խանգարումներ: Բացի դրանից, երեկոյան քրոնոտիպով մասնակիցների մեծ մասը եղել են խաղաղօվկիանոսյան ծագմամբ կանայք, մինչդեռ առավոտյան և միջանկյալ քրոնոտիպերի մեջ գերակշռել են եվրոպական ծագմամբ նորզելանդուհիները: Ուստի արդյունքների վրա կարող էին ազդել էթնիկ առանձնահատկությունները, մշակութային սննդային սովորությունները և սոցիալ-տնտեսական գործոնները:

Հետազոտողների կարծիքով՝ անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե արդյոք սննդի ընդունման ժամանակի համապատասխանեցումը օրգանիզմի բնական ցիրկադային ռիթմերին կարո՞ղ է դառնալ արդյունավետ ռազմավարություն ճարպակալման կանխարգելման և նյութափոխանակության առողջության բարելավման համար:

Սկզբնաղբյուրը՝ Med.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *