Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-ի։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի հրապարակումներին։

Թերթը նշում է, որ կիրակի օրը Պենտագոնն սկսել է հուլիսի 7-ից (երբ սկսվեց հակամարտության էսկալացիայի հերթական փուլը) և փետրվարից (գործողության մեկնարկից) ի վեր ընկած ժամանակահատվածների համար առանձին ներկայացնել կորուստների մասին տվյալները։ Ռազմական աղբյուրները պարբերականին պարզաբանել են, որ այս փոփոխությունն արվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլին Իրանն ու ԱՄՆ-ն հրադադար էին հաստատել, մինչդեռ վերջին կորուստները գրանցվել են հուլիսին։

«Այդ ամսաթվից (հուլիսի 7-ից) ի վեր վիրավորված զինվորների պաշտոնական թիվն այժմ կազմում է 207, այսինքն՝ հակամարտության սկզբից ի վեր ընդհանուր թիվը հասել է 624-ի»,- գրում է պարբերականը։

Հինգշաբթի օրը թերթը հայտնել էր, որ Պենտագոնի կայքում նշված՝ Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվն անսպասելիորեն նվազել է։ Հրապարակման համաձայն՝ երեք բարձրաստիճան զինվորական և Պենտագոնի ներկայացուցիչը հակասական պարզաբանումներ են տվել տեղի ունեցածի վերաբերյալ։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը, սակայն, սուտ էր անվանել թերթի այդ հրապարակումը։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *