Վերջին երեսուն տարիների ընթացքում կոլորեկտալ քաղցկեղը կտրուկ «երիտասարդացել է». եթե 1990-ականներին յուրաքանչյուր տասներորդ դեպքն էր հայտնաբերվում մինչև 54 տարեկան անձանց մոտ, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է յուրաքանչյուր հինգերորդին: Ամերիկյան վիրաբույժների քոլեջը (ACS) առանձնացրել է 5 հիմնական ախտանիշ, որոնց ի հայտ գալու դեպքում երիտասարդները պետք է անհապաղ դիմեն բժշկի:

ACS Clinical Congress 2025-ի տվյալները փաստում են, որ հետանցքային արյունահոսությունը քաղցկեղի ախտորոշման հավանականությունը մեծացնում է 8,5 անգամ: Մինչդեռ շատ երիտասարդներ (և նույնիսկ նրանց բժիշկները) հակված են այս ախտանիշը վերագրել թութքին և լրացուցիչ հետազոտություններ չեն անցնում:

Կոլորեկտալ քաղցկեղն առաջին տեղն է զբաղեցրել մինչև 50 տարեկան անձանց շրջանում քաղցկեղից մահացության ցուցանիշով՝ այս տարիքային խմբում առաջին անգամ շրջանցելով կրծքագեղձի և թոքերի քաղցկեղը: Քլիվլենդի (Ֆլորիդա) կլինիկայի մարսողական հիվանդությունների հետազոտությունների բաժնի փոխնախագահ, կոլորեկտալ վիրաբույժ Մարիլիս Բուտրոսը հորդորում է երիտասարդներին անուշադրության չմատնել հետևյալ նշանները․

Առաջին նշանը կղման ռեժիմի կամ բնույթի փոփոխությունն է, երբ անհայտ պատճառով մի քանի շաբաթից ավելի պահպանվում է լուծը կամ փորկապությունը: Երկրորդը հետանցքային արյունահոսությունն է կամ կղանքի մեջ վառ կարմիր ու մուգ արյան առկայությունը: Երրորդ ախտանիշը կղանքի ձևի, գույնի կամ խտության փոփոխությունն է․ օրինակ՝ ժապավենաձև կղանքը կարող է վկայել աղիքի լուսանցքում մեխանիկական արգելքի մասին: Չորրորդ նշանը քաշի անբացատրելի կորուստն է, որը հաճախ ուղեկցվում է մշտական հոգնածությամբ և սակավարյունությամբ: Հինգերորդ կարևոր գործոնը ծանրաբեռնված ժառանգականությունն է, քանի որ մոտ ազգականների մոտ կոլորեկտալ քաղցկեղի կամ պոլիպների առկայությունը բազմապատիկ մեծացնում է հիվանդանալու անհատական ռիսկը:

Ստանդարտ սքրինինգային հետազոտությունները սկսվում են 45 տարեկանից, սակայն նշված ախտանիշներից նույնիսկ մեկի առկայության դեպքում (ցանկացած տարիքում), խորհուրդ է տրվում անցնել կոլոնոսկոպիա, որն ախտորոշման «ոսկե ստանդարտն» է:

Սկզբնաղբյուրը՝ Med.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *