Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել արտադրական կեղտաջրերը կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելու պահանջները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն։
Նախագծով սահմանվում են արտադրական կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի, նախնական մաքրման, վնասազերծման և կենտրոնացված ջրահեռացման համակարգ ընդունման պայմանները։
Մասնավորապես՝ ջրահեռացման համակարգ արտանետվող արտադրական կեղտաջրերը չպետք է խաթարեն ցանցերի և մաքրման կառույցների աշխատանքը, վնասեն խողովակները, պարունակեն պայթունավտանգ խառնուրդներ առաջացնող նյութեր կամ խոչընդոտեն կեղտաջրերի կենսաբանական մաքրմանը։
Կեղտաջրերի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40 աստիճանը, իսկ կախված և լողացող մասնիկների պարունակությունը՝ 500 միլիգրամը մեկ լիտրում։ Սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրական կեղտաջրերը նախքան կենտրոնացված համակարգ արտանետելը պետք է մաքրվեն ձեռնարկության միջոցների հաշվին։
Ռադիոակտիվ, թունավոր կամ բակտերիալ աղտոտիչներ պարունակող կեղտաջրերը պետք է նախապես վնասազերծվեն և վարակազերծվեն։ Թթվային կամ հիմնային կեղտաջրերը պետք է չեզոքացվեն կամ միջինացվեն՝ կոյուղու կոլեկտորների կոռոզիան և կենսաբանական մաքրման գործընթացի խաթարումը կանխելու նպատակով։
Նախագծով նախատեսվում է նաև մաքրված կեղտաջրերը դիտարկել որպես ջրի այլընտրանքային աղբյուր և հնարավորության դեպքում օգտագործել արտադրական կամ այլ նպատակներով։
Կարգավորումը մշակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված՝ քաղաքային կեղտաջրերի մաքրման վերաբերյալ եվրոպական պահանջներին Հայաստանի օրենսդրության մոտարկման նպատակով։
Նախագծի ընդունումը, ըստ հիմնավորման, կնպաստի կենցաղային և արտադրական կեղտաջրերի պատշաճ մաքրմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը։
Որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում։
Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2030 թվականին։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը։
