Արմավիրի մարզի դատարան է մուտքագրվել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականի դեմ հարուցված գործը։
Նրանք մեղադրվում են եկեղեցական կանոնակարգերով կարգավորվող ինչ֊որ հարց նախաձեռնելու մեջ (մեղադրանքը ստորև)։
Գարեգին Բ Ներսիսյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը
2026 թվականի հունվարի 15-ին Արման Վոլոդիայի Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան, այսուհետ նաև Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև Դատարան)՝ խնդրելով ճանաչել անվավեր՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Նշված հայցադիմումի հետ միաժամանակ, հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն՝ խնդրելով Դատարանին՝ կիրառել այնպիսի հայցի ապահովումներ, որոնք կապահովեն հայցվորի հոգևոր ծառայությունն այն պաշտոնի շրջանակներում, որից զբաղեցնելու իրավունքը վիճարկվում է դատարանում:
Վերոգրյալ հայցադիմումի հիման վրա 2026 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում: Միաժամանակ նույն օրը Դատարանի կողմից որոշում է կայացվել Հայցվորի միջնորդությունը բավարարելու մասին՝ պարտավորեցնելով պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց, առանց խոչընդոտի ապահովելու Արման Վոլոդյայի Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, ինչպես նաև՝ արգելելով պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Վոլոդյայի Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին), որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, կիրառելի այլ կանգններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականություններն այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումըմինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:Նշված որոշման հիման վրա Դատարանի կողմից տրամադրվել է թիվ ԿԹ-140552-20263 կատարողական թերթը, որի հիման վրա ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ. Ղարիբյանի կողմից 2026 թվականի հունվարի 16-ին կայացվել է թիվ 14469063 կատարողական վարույթ հարուցելու և Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու, որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին որոշում։ Հիշյալ որոշումն ու Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև Դատարան) կողմից թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին կայացված որոշումն ու տրված թիվ ԿԹ-140552-2026 կատարողական թերթի օրինակները 2026 թվականի հունվարի 19-ին Հարկադիր կատարողի կողմից առձեռն տրամադրվել են «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ Մայր Աթոռին՝ ի դեմս Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, դիվանապետի պաշտոնակատար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին:
Վերոգրյալի պայմաններում, Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադարձ կատարելով Տ. Գևորգ եպիոսկոպոս Սարոյանի կարգազանց ընթացքին և հրապարակային ելույթներում ու հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին, խստորեն դատապարտելով նման վարքագիծը այն գնահատելով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հետ հաղորդակցության խզմամբ, կանոնական շեղումներով ու կարգազանց գործողություններով ուղեկցվող հնազանդության ուխտի դրժում միաձայն քվեարկությամբ որոշել է առաջարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Նշված առաջարկի հիման վրա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ է հռչակել Արման Վոլոդիայի Սարոյանին (Տ. Գևորգ եպիոսկոպոս Սարոյան)՝ այդ կերպ խոչընդոտելով Դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին կայացված դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ» որոշման և դատարանի կողմից տրված թիվ ԿԹ-140552-2026 կատարողական թերթի ու դրա հիման վրա ՀՀ հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումների պահանջների կատարմանը:
Այսինքն՝ Գարեգին Բ Ներսիսյանին (Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց) մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հ.Գ. Վստահ ենք`«մեղադրյալները» վախենում են միայն Աստծո դատաստանից։
