2026 թվականի սեպտեմբերի 10-ին Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստաթղթի ստորագրման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս մեկ տարի առաջ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում, որի շրջանակում Արթուր Պողոսյանը հանդիպում էր ունեցել Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին:

«Հուշագրի ստորագրմամբ կողմերը նպատակ ունեն ընդլայնել իրավական գործակցությունը անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ապահովել փոխադարձ աջակցություն հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների ստուգման և քրեական վարույթների քննության ընթացքում, իրականացնել փորձի ու տեղեկատվության փոխանակում ահաբեկչական, տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող, անդրազգային կազմակերպված ու հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնող այլ հանցագործությունների քննության մեթոդաբանության վերաբերյալ:

Փաստաթուղթը նաև միտված է զարգացնելու աշխատակիցների մասնագիտական կարողությունները համատեղ կրթական ծրագրերի, վերապատրաստումների, փոխադարձ այցերի և միմյանց գիտահետազոտական ու ուսումնական հաստատություններում անձնակազմի փոխանակման միջոցով՝ անցկացնելով պարբերական փորձագիտական խորհրդակցություններ ու գիտագործնական միջոցառումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Պաշտոնական այցի ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը բարձր են գնահատել ձևավորված գործընկերային հարաբերությունների դինամիկան և վստահություն հայտնել, որ հուշագրի դրույթների գործնական կիրառումը որակական նոր մակարդակի կբարձրացնի երկու երկրների իրավապահ գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *