Այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերն անօդաչուների մեծ մասը վնասազերծել են մայրաքաղաքի մատույցներում։
180 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։
Հարձակման հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ուկրաինական տելեգրամյան ալիքները հրապարակել են կադրեր, որոնք նկարահանվել են Մոսկվայի մարզում։
Անօդաչու թռչող սարքեր են արձակվել նաև Սարատովի մարզի վրա։ Նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ Բալակովո քաղաքում վնասվել են մի քանի բնակելի շենքեր, նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է։
Ավելի ուշ նա հստակեցրել է, որ «Բալակովոյի բոլոր ենթակառուցվածքային օբյեկտներն աշխատում են բնականոն ռեժիմով»։
Տելեգրամյան ալիքները պնդում են, որ Սարատովի մարզում հարվածներ են հասցվել «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին։
Բալակովոյում տվյալների մշակման կենտրոնի շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն խոստացել էր, որ այդ կենտրոնը կդառնա ամենամեծը երկրում։
