ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որին մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քննիչները: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից։

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցի կազմավորման 12-ամյակի հանդիսավոր նիստում ներկայացված վիճակագրական տվյալներին, որոնց հաջորդել են կադրային փոփոխությունները:

Արթուր Պողոսյանը ներկայացրել է նորանշանակ պաշտոնատար անձանց՝

•    Աշոտ Ժամկոչյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ,
•    Դավիթ Մանուչարյան՝ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
•    Էդվարդ Կարապետյան՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
•    Ռաֆայել Վարդանյան՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել վերջիններիս երկարամյա փորձառությունն ու նվիրվածությունը՝ շեշտելով նրանց կողմից կատարված աշխատանքի արդյունավետությունը:

Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ նորանշանակ ղեկավար կազմն իր մասնագիտական ներուժով կնպաստի վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը և քննության արդյունավետության բարձրացմանը:

Կոլեգիայի նիստում Քննչական կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև մարզային ստորաբաժանումների ղեկավարների նշանակումներին՝

•    Հրաչիկ Պողոսյան՝ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ,
•    Դավիթ Բաղդասարյան՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ,
•    Արթուր Մնոյան՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ,
•    Սիսակ Հայրապետյան՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ:

Նիստի ավարտին Քննչական կոմիտեի նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին և քննիչներին տվել է հանձնարարականներ՝ կապված քննիչների աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատավարական ժամկետների խիստ պահպանման ու քննության որակական հատկանիշների բարելավման հետ:

Արթուր Պողոսյանն ընդգծել է ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, հատկապես՝ նախորդ տարիներին կատարված և չբացահայտված սպանությունների վերաբերյալ քրեական վարույթներով:

Արթուր Պողոսյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների հետ շփումներին՝ հանձնարարելով խստորեն պահպանել ծառայողական էթիկայի կանոնները դիմում-բողոքների քննարկման և ընդունելությունների ընթացքում: Նա ընդգծել է, որ քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու հարգալից վերաբերմունքը կառույցի նկատմամբ հանրային վստահության գլխավոր նախապայմանն են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *