Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բաց բանալիների դիրեկտորիան միջազգային ենթակառուցվածք է, որը ստեղծվել է էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճանապարհորդական փաստաթղթերում, առաջին հերթին՝ էլեկտրոնային անձնագրերում, թվային ստորագրությունների միջազգային փոխանակումն ու ստուգումն ապահովելու համար։
Այն ծառայում է որպես կենտրոնացված հարթակ, որտեղ պետությունները տեղադրում են իրենց կողմից տրված էլեկտրոնային անձնագրերի բաց բանալիները, ինչը թույլ է տալիս այլ պետություններին սահմանային վերահսկողության ընթացքում ստուգել տվյալ պետության կողմից տրված անձնագրերի իսկությունը։
Համակարգի հիմնական նպատակներն են՝ էլեկտրոնային անձնագրերի անվտանգության մակարդակի բարձրացում, միջազգային սահմանային վերահսկողության պարզեցում, կեղծ անձնագրերի օգտագործման ռիսկի նվազեցում, պետությունների միջև տվյալների հուսալի փոխանակման ապահովում։
Ներկայումս փաստաթղթին միացել է 111 պետություն։
Էլեկտրոնային անձնագրերի համակարգի շնորհիվ պետությունների սահմանային վերահսկողության համակարգերը ավտոմատ և հուսալի կերպով ստուգում են միացած այլ պետությունների էլեկտրոնային անձնագրերը՝ առանց յուրաքանչյուր պետության հետ առանձին տեխնիկական կապ ստեղծելու։
Նշվում է, որ համակարգին միանալով՝ Հայաստանը ապահովում է սահմանների անվտանգության բարձր մակարդակ և սահմանային վերահսկողության արդյունավետություն։
