Կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչվեցին:

Որոշումն ընդունվեց հոկտեմբերի 15-ի նիստում:

Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 հազար դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը իրենց բնույթով ռազմավարական ենթակառուցվածք են, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն»,- ասվում է ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու Կառավարության որոշման հիմնավորումներում։

Կառավարության այս որոշմամբ՝ դեռ Կարապետյաններին գերակա շահ ճանաչելու դիմաց փոխհատուցման չափ չի սահմանվում, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շեշտել է, որ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տրամադրելու ընթացքում պետական բյուջեում կարող է նախատեսվել եկամուտների ու ծախսերի ավելացում կամ նվազում։ Եթե Սամվել Կարապետյանի ընտանիքը չհամաձայնի փոխհատուցման առաջարկվելիք չափին, կարող է այն վիճարկել դատարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *