Հոկտեմբերի 4-ի ժամը 17․45-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում, որ իր տնից կատարվել է գողություն։ Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերը հայտնել է, որ ժամը 11-ից 15-ն ընկած ժամանակամիջոցում, երբ տանը մարդ չի եղել, տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան, որում նույնպես եղել են խոշոր գումար և ոսկյա զարդեր։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերված տվյալները քրեական ոստիկաններն իրացրին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ գողությունը կատարել են չորս հոգի, մեկը՝ տուժածի համագյուղացին, մյուսները՝ մայրաքաղաքից։

Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ազատան գյուղում իրավապահները ձերբակալեցին 37-ամյա համագյուղացուն, որը անհերքելի փաստերի առկայության պայմաններում ընդունեց մեղքը և հայտնեց, որ չհրկիզվող պահարանն ու գողոնի մի մասը իր տանն են։
Նա կալանավորվեց, իսկ նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր և մոտ մեկուկես միլիոն դրամի գումար։ Հայտնաբերվեցին նաև ատրճանակ, ողորկափող հրացան, 20 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ։
Գողությունը կատարած անձանցից Երևանի 42-ամյա բնակիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *