Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը փնտրելու համար,- նշում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
Սրբազան Հոր խոսքով, սակայն, ինչպես հայրերը կասեին՝ հովվի մեղքը գայլին հովիվ չի դարձնում, ինչպես որ ճրագի տկարությունը` խավարը լույս, կամ մեկի անկումը՝ բովանդակ ճշմարտության հերքման պատճառ։
«Ահա այստեղ է ամենավտանգավոր նենգությունը՝ ճշմարտության մի մասն առանձնացնելն ու այն ամբողջի դեմ զենք դարձնելը. Եկեղեցու վերքերը մատնացույց անելով՝ լռել նրա սրբության ու վկայության մասին, սեփական մեղքերը չտեսնելով` քննել ու դատապարտել ուրիշներին, և այլոց տկարությունը ներկայացնել որպես սեփական ճշմարտության առհավատչյա։ Այսպես ցավը վերածվում է գայթակղության, իսկ վերքը՝ բաժանման դռան։
Բայց Եկեղեցին սիրելն ամենևին էլ չի ենթադրում թաքցնել նրա վերքերը, ինչպես որ նրա սխալները բացահայտելն ինքնին դեռ չի նշանակում ծառայել ճշմարտությանը. ճշմարիտ սերը չի ստում և չի չարախնդում՝ պաշտպանելիս ու բացահայտելիս։ Այն հանդիմանում է՝ սոսկ բուժելու համար, ուղղախոսում է՝ շտկելու նպատակով և ցավում ու հեկեկում է նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված է դատապարտել։
Որովհետև ապաշխարությունը Եկեղեցու պարտությունը չէ, այլ ապաքինումն ու նրա զավակների վերադարձն առ ճշմարտություն։ Իսկ ով ուրիշների անկման վրա է կառուցել սեփական արդարությունը, դեռ չի ապացուցել իր անսայթաքությունը։
Ուստի հարկ է սիրել՝ առանց ձանձրանալու, քննել՝ առանց ատելու, պաշտպանել՝ առանց դատափետելու և խոստովանել՝ առանց բաժանման գործիքի վերածվելու։
Քանզի ճշմարտությունը չի հաստատվում ուրիշների անկմամբ, այլ ճանաչվում է իր լույսով։ Եվ հավատը չի զորանում ատելությամբ, այլ՝ սիրով, խոնարհությամբ և առ Աստված հավատարմությամբ»,- նշել է Իսահակ Սրբազանը։
