Հոկտեմբերի 20-ի գիշերն Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տամբովի մարզը։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Միչուրինսկի շրջանի ձեռնարկություններից մեկի տարածքում, հայտնել է նահանգապետ Եվգենի Պերվիշովը։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան, իսկ մարզի օդային տարածքում ընդհանուր առմամբ խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական Supernova+ և Exilenova+ մոնիտորինգային ալիքները գրում են, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի թիրախը եղել է «Դրուժբա» նավթամուղի «Նիկոլսկոյե» գծային արտադրա-դիսպետչերական կայանը (ԳԱԴԿ), որով ռուսական նավթը մատակարարվում է Հունգարիային և Սլովակիային։ Հաղորդվում է, որ այրվում է դիզելային վառելիքի պահեստարանը։
Այն մասին, որ անօդաչուները հարվածել են Միչուրինսկի շրջանի «Նիկոլսկոյե» կայանին, հայտնում է նաև Astra պարբերականը՝ ուսումնասիրելով ականատեսի տեսագրությունը։ Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ այրվում է Նովոնիկոլսկոյե գյուղի մոտակայքում գտնվող երկու արտադրական հարթակներից մեկը։ Կայանը պատկանում է «Տրանսնեֆտ» ընկերությանը և կարող է օրական մղել մինչև 300 հազար տոննա վառելիք։ Այն նաև իրականացնում է նավթի և նավթամթերքի՝ բենզինի, դիզելային վառելիքի, ավիացիոն կերոսինի ու մազութի ընդունում, պահեստավորում և տարանցում։ Օբյեկտի տարածքում տեղակայված են ռեզերվուարային երեք պարկ և երկու պոմպակայան։ Ավելի վաղ՝ 2025 թվականի օգոստոսին, ուկրաինական դրոններն արդեն թիրախավորել էին «Նիկոլսկոյե» ԳԱԴԿ-ն։ Այն ժամանակ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել էր, որ այս կայանը, ի թիվս այլնի, հումքով մատակարարում է Ուկրաինայի օկուպացիային մասնակցող ռուսական զորքերին։
