Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները զեկույց են ներկայացրել Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ կապված ԵՄ-ին երկրի ինտեգրման շուրջ քննարկումների հետ։ Այս մասին հայտնել են ՌԴ կառավարությունից։ Զեկույցը ներկայացնում է Ինտերֆաքսը։ Փաստաթուղթը կներկայացվի ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների քննարկմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերին։ Ռուսաստանի կառավարությունից հիշեցրել են, որ զեկույցը պատրաստվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության կատարման շրջանակում։ «Զեկույցը ներառում է տեղեկություններ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ձեռնարկված քայլերի մասին, ԵՏՄ-ի և ԵՄ-ի իրավական կարգավորումների համատեղելիության վերլուծություն (մասնավորապես՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների և ԵՄ-ին անդամակցելու հետ կապված պարտավորությունների համատեղելիության վերաբերյալ), տեղեկություններ իրավական մեխանիզմների մասին, որոնք կոչված են կանխելու Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների գնահատականներ»,- նշել են Ռուսաստանի կառավարությունում։ Զեկույցում նշվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության  դադարեցման դեպքում գազի ներմուծումը Հայաստանի համար կթանկանա 69%-ով։ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան գազի ներմուծման հնարավոր սցենարի գնահատման հիմքում դրվել է 1000 խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գինը՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման պայմանով։ 1000 խորանարդ մետրի դիմաց ներկայիս՝ 177,5 դոլար բազային գնի համեմատ՝ թանկացումը կկազմի շուրջ 69%։
Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ 2013 թվականին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի շուկայական գինը, առանց սուբսիդավորման հաշվառման, կազմում էր շուրջ 270 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Զեկույցի հեղինակները հիշեցրել են նաև, որ 2025 թվականին եվրոպական TTF բորսայում գազի միջին շուկայական գինը կազմել է շուրջ 422 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *