Այս կիրակի Հայաստանի բազմաթիվ համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում են ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնպես էլ ընդդիմադիր ուժեր և տարբեր քաղաքական դաշինքներ։ Մի շարք համայնքներում սպասվում է մրցակցային պայքար, սակայն հինգ համայնքում՝ Վայքում, Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում և Ախուրյանում, առաջադրվել է միայն ՔՊ-ն։
Ընտրությունների հիմնական մրցակցությունը կծավալվի այն համայնքներում, որտեղ ներկայացված են մի քանի քաղաքական ուժեր։ Օրինակ՝ Ստեփանավանում պայքարելու են հինգ կուսակցություններ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստանը» և «Հայրենիք» կուսակցությունը։ «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն Ստեփանավան համայնքում, ի դեպ հարկ է նկատել, որ այսօր առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը:
Գորիսում ՔՊ-ի և «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխություն» դաշինքին կմրցի «Ապրելու քվե» դաշինքը, որի կազմում են «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները։ «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Միաժամանակ Տաթևի և Տեղի գործող համայնքապետերն այս ընտրություններին չեն առաջադրվել։
Մարտունիում ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն, ՀՅԴ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Մեր համայնք» դաշինքը։ ՀՅԴ-ն և ՔՊ-ն մրցելու են նաև Հրազդանում, Ծաղկաձորում և Արտաշատում։
Հարկ է նկատել, որ մի շարք համայնքներում ՔՊ-ի ընտրացուցակները գլխավորում են համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ։ Մեղրիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործարար Սերգո Գալստյանը։ Գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորված է և մեղադրվում է կաշառքի գործով։ Այստեղ առաջադրվել են նաև «Ապրելու երկիր», «Հայաստանի եվրոպական կուսակցություն» և «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» ուժերը։ Նրանց թվում են Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանը և Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։
Կարևոր է արձանագրել, որ այս ընտրություններն անցկացվում են նաև վարչատարածքային փոփոխությունների պայմաններում։ Վայոց ձորի մարզում միավորվել են Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, Սյունիքում՝ Գորիսը, Տաթևն ու Տեղը, իսկ Լոռու մարզում՝ Ստեփանավանը, Լոռի Բերդն ու Գյուլագարակը, հետևաբար՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո համայնքների թիվը կնվազի ևս վեցով։
