2026 թվականի ընթացքում Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Այսպիսով, կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը»,– նշված է որոշման մեջ։
Սևանա լճում 2026 թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը 2025 թվականի իրականացված հետազոտությունների արդյունքում առաջարկել էր 2026 թվականի սիգի արդյունագործական որսը սահմանել 550 տ:
Մինչդեռ 2026 թվականի հուլիսին Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա։ Այդ իսկ պատճառով, գիտական կենտրոնը սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է ևս 720 տոննա չափաքանակ։

Այս որոշման արդյունքում 2026 թվականին Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակն ընդհանուր առմամբ կկազմի 1270 տոննա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *