Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Խ. Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև՝ 2026 թվականի մայիսի 23-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, առանց ջրօգտագործման թույլտվության, օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 17.947.008 դրամի գույքային վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ, Խ. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարը մասամբ՝ 8 միլիոն դրամի չափով, վերականգնել է պատճառված վնասը:
Դատախազը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակում, պարզել է, որ վարչական ղեկավար Խ. Մ.-ն 2007 թվականի օգոստոսի 13-ին իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, խախտելով վարձակալության վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները, ինքնակամ կառուցել է քարե ջրավազաններ՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն:
Դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել Մասիս համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավար Խ. Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին. նախաձեռնվել է քրեական վարույթ:
