Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ դադարել են ԱԺ-ում իր լիազորությունները։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր դադարեցին ԱԺ-ում իմ լիազորությունները։
Հոկտեմբերի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում էի ներկայացրել ԱԺ նախագահ Ռ. Ռուբինյանին։
Իմ կյանքում ավարտվեց մեծ, կարևոր ու շրջադարձային փուլ, որն առանց վարանելու կանվանեմ ճակատագրական առաքելություն։
2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ընթացքում ստանալով ձեզնից վստահության քվե՝ մինչ օրս ՀՀ Ազգային ժողովում իրացրել եմ մանդատս։ Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը տևեց 8 տարի՝ բարդ, հետաքրքիր, պատասխանատու, երբեմն թեթև, երբեմն անհնար դժվար օրեր, որոնք իմ կյանքի, մտածողության, արժեհամակարգի, աշխարհընկալման վրա մեծ հետք թողեցին։ Այս տարիների ընթացքում ուժերիս ներածին չափով աշխատել եմ, ԱԺ-ում դարձել ձեր ձայնը՝ բարձրացնելով ինձ ուղղված խնդիրները, հասցեագրել դրանք։ Շատ խնդիրներ լուծվել են, որոշները՝ գուցե ոչ։
Այսօր ուզում եմ շնորհակալ լինել բոլորին, որոնք կողքիս եղան այս ժամանակահատվածում, հավատացին, վստահեցին, աջակցեցին, ոգևորեցին անգամ մեկ խոսքով։
Շնորհակալ եմ ընտանիքիս, մասնավորապես հորս, որը միշտ թևեր է տվել ինձ առաջ գնալու, ուժերիս հավատալու համար։ Մորս, որ իմ փոխարեն հոգ է տարել նաև դստերս մասին, մինչ ես քաղաքական պրոցեսների մեջ էի։ Դստերս, որ միշտ ըմբռնումով է մոտեցել իմ բացակայություններին, ներկա եղել իմ՝ երբեմն ուրախության, երբեմն տխրության ապրումներին։ Ամուսնուս, որ նաև իմ լավագույն ընկերն է ու հենարանը։
Շնորհակալ եմ իմ մեծ գերդաստանին, բոլորին՝ մեծից փոքր։
Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, իմ քաղաքական ընտանիքին, անչափ սիրելի դարձած գործընկերներին, որոնք հարազատի պես են։ Ընկերներիս, որ ունեի և որոնց ձեռք բերեցի այս տարիների ընթացքում։
Շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիներին՝ ծանոթ-անծանոթներին. ձեր նամակներն ու զանգերը միշտ ոգևորում են, ոգեշնչում, պարտավորեցնում, կներեք, եթե մեկ-մեկ ուշ եմ արձագանքում։
Այս բոլոր շնորհակալությունները պարզապես չէին լինի, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ չվստահեր այսչափ կարևոր ու պատասխանատու պաշտոն․ շնորհակալ եմ իմ մեծարգո վարչապետին։
Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով և այդպես էլ աշխատելու եմ, բայց արդեն այլ կոորդինատներով։
Սիրելի՛ կոտայքցիներ, Կոտայքն իր դրական ցուցանիշներով ու գրանցած արդյունքներով միշտ պիտի առջևում լինի։
Ես պատրաստ եմ»,- գրել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։
Ստեփանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։
