NASA-ի Swift տիեզերական աստղադիտակը, որը երկու տասնամյակ շարունակ ուսումնասիրել է բարձր էներգիայով տիեզերական երևույթները, դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտում՝ Ինդոնեզիայի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ամերիկյան ավիատիեզերական գործակալությունը։

Երեք ամիս առաջ NASA-ն փորձել է քարշակ արբանյակի օգնությամբ 1,5 տոննա զանգվածով աստղադիտակը տեղափոխել ավելի բարձր ուղեծիր և երկարացնել դրա ծառայության ժամկետը, սակայն նավիգացիոն խնդիրների պատճառով դա չի ստացվել։

Swift-ը մթնոլորտի վերին շերտեր է մտել Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի երկնքում՝ հասարակածից մոտ 322 կմ հյուսիս, ձայնի արագությունը 22 անգամ գերազանցող արագությամբ։

Մթնոլորտ մտնելիս ուղեծրային լաբորատորիայի մեծ մասն այրվել է Երկրի մակերևույթից մեծ բարձրության վրա, սակայն դրա կառուցվածքի առավել ամուր որոշ բեկորներ կարող էին հասնել մակերևույթին։ NASA-ի տվյալներով՝ բեկորների անկումը գետնի վրա որևէ ավերածության չի հանգեցրել։

Հուլիսին NASA-ն ուղեծիր է դուրս բերել Link քարշակ արբանյակը՝ փրկելու համար Swift աստղադիտակը, որն արագորեն կորցնում էր բարձրությունը։ Քարշակը պետք է մոտենար աստղադիտակին, բռներ այն մանիպուլյատորների օգնությամբ և աստիճանաբար բարձրացներ նրա ուղեծիրը։ Սակայն արձակումից կարճ ժամանակ անց քարշակի նավիգացիոն կառավարման համակարգում անսարքություն էր առաջացել, ինչի հետևանքով ապարատը սկսել էր պտտվել, և կապն ընդհատվել էր։ Այդպիսով, 30 միլիոն դոլար արժողությամբ փրկարարական առաքելությունը տապալվել էր։

Ուղեծրում գտնվելու 22 տարվա ընթացքում Swift ապարատը Տիեզերքում հայտնաբերել է գամմա ճառագայթման ավելի քան 2000 բռնկում և գերնոր աստղերի 1400 պայթյուն։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *