Yandex Armenia-ն Newmag հրատարակչության մանկական և մեծահասակների համար նախատեսված գրքեր է նվիրել մարզային գրադարաններին Yandex Armenia-ն 450 գիրք է նվիրել Տավուշի և Արմավիրի մարզերի գրադարաններին, որտեղ հայերեն դասական և ժամանակակից գրականության պակաս կար։ Երեխաների և մեծահասակների համար նախատեսված գրքերը հրատարակել է հայկական Newmag հրատարակչությունը, որը դարձել է նախաձեռնության գործընկերը։
Գրքերը փոխանցվել են Տավուշի մարզային գրադարանին և Արմավիրի գրադարանի Մյասնիկյանի մասնաճյուղին։ Ընտրանիում ներառվել են հայ և արտասահմանցի հեղինակների ժամանակակից ու դասական ստեղծագործություններ։ Այն ներառում է տարբեր ժանրերի գրքեր՝ գեղարվեստականից մինչև գիտահանրամատչելի գրականություն, և նախատեսված է տարբեր տարիքի ընթերցողների՝ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար։ Նվիրաբերված գրքերի թվում են Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռագրությունը, Ջեֆ Քիննիի «Թույլիկի օրագիրը» շարքի գրքերը, Ելենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» շարքը, Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպը, Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը, ինչպես նաև հայտնի մարդկանց կենսագրություններ և նոր տեխնոլոգիաների մասին գրքեր:
Newmag-ը մասնագիտացած է արտասահմանյան և հայ հեղինակների ստեղծագործությունները հայերենով հրատարակելու գործում, այդ թվում՝ մանկական գրականության։ Հրատարակչությունը նաև զարգացնում է ընթերցանության մշակույթը՝ կազմակերպելով գրքերին նվիրված միջոցառումներ և պատրաստելով նյութեր ծնողների ու մանկավարժների համար այն մասին, թե ինչպես քննարկել ստեղծագործությունները երեխաների հետ։
