Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր պետք է կայանար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով դատավարությունը, սակայն նիստը չկայացավ։ Դատարան չէին ներկայացել Արման Սարոյանը և հանրային մեղադրողները։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, դատական գործընթացը փորձում են միտումնավոր ձգձգել.
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է Հայաստանից բացակայելու արգելքը։
Նույն գործով մեղադրյալ են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր Աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։
