«Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է հետևյալը՝ երևի թե ամենամեծ արդյունքը, որ կարող է տալ նման ծրագիրը, մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորումն է։

Մեր կազմակերպությունը, որը զբաղվում է դրանով, համալրված է արդեն մի քանի տասնյակ մասնագետներով, որոնք ունեն փորձ և գիտեն՝ ինչի մասին են խոսում»:

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին, որը հետաքրքրվում էր արբանյակների՝ մեզ տված օգուտով։

Նրա խոսքով՝ այդ մասնագետները կարող են վերլուծել տիեզերքից ստացված նկարները, կարող են հանձնարարություններ տալ արբանյակներին, վարել տիեզերական ծրագիր։

«Սա չկար տարիներ առաջ։ Հիմա մեր երկիրն ունի այս կարողությունը, և ամենամեծ արժեքը կայանում է սրանում։ Այն, ինչ մենք նախատեսում ենք անել, պայմանականորեն անվանենք երկրորդ արբանյակների ծրագիր, այն գրված է Կառավարության հնգամյա ծրագրում, երկու արբանյակը՝ Երկրի դիտարկման և մեկ կապի արբանյակ, մենք այդ ծրագիրն ամբողջությամբ իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսներով, ոչ թե խորհրդատուներ ներգրավելով, ոչ թե լսելով արտասահմանյան մասնագետների կարծիքը, այլ հիմնական ներուժը մեր ներքին ներուժն է, որը ձևավորվել է առաջին ծրագրի իրականացման արդյունքում»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարը։

Նա հայտնել է, որ իրեն զեկուցվել է՝ առաջին ծրագրի հետ կապված կան որոշակի վերապահումներ, բայց, այնուամենայնիվ, ստացել են այդ ներուժը։

«Մինչև այդ ծրագրի իրականացումը ես չեմ կարծում՝ որևէ մի երիտասարդ ինժեներ, որն ուզում էր կամ երազում էր աշխատել տիեզերական ոլորտում, Հայաստանում կունենար աշխատանք գտնելու հնարավորություն։ Իսկ հիմա կա այդ հնարավորությունը, կա կազմակերպություն, որը փնտրում է որակյալ ինժեներների՝ տիեզերքի ուղղությամբ մասնագիտացված, իսկ թե դա ինչ է տալիս ռազմավարական առումով երկրին, դա պետք չէ բացատրել, դա բոլորս քաջ գիտակցում ենք»,- նշել է Թադևոսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *