Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե պետք է սահմանափակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գաղտնի բնույթի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին։
Նախարարը կասկածի տակ է դրել գաղտնի փաստաթղթերին լիարժեք հասանելիություն տրամադրելու նպատակահարմարությունը, իր խոսքով այն երկրին, որը «կեղծ դաշնակից» է։ Նրա խոսքով՝ կա վտանգ, որ փակ տեղեկատվությունը կարող է օգտագործվել ի վնաս այն պետությունների շահերի, որոնք շահագրգռված են ՀԱՊԿ-ի հետագա զարգացմամբ։
Ռիժենկովը նաև հայտարարել է, որ Հայաստանի վերաբերմունքի փոփոխությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին պայմանավորված է երկրի ղեկավարության դիրքորոշմամբ, այլ ոչ թե հայ ժողովրդի կամքով։
Նա Երևանի ներկայիս մոտեցումը բնութագրել է որպես «պասիվ մասնակցություն», որի պայմաններում Հայաստանը օգտվում է ինտեգրացիոն միավորումների առավելություններից, սակայն միևնույն ժամանակ հետապնդում սեփական շահերը, որոնք չեն համընկնում այդ կառույցների նպատակների հետ։
«Սա այդ միավորումներին մասնակցությունից բխող որոշակի գիտելիքների և առավելությունների օգտագործումն է սեփական շահադիտական նպատակներով, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն միավորումների նպատակների հետ։ Չէ՞ որ մենք ցանկանում ենք ուժեղ լինել, համերաշխ լինել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարցերում, ինչպես նաև անվտանգության ոլորտում», – ասել է նախարարը։
Ռիժենկովի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները հիմնականում շահագրգռված են համագործակցության տնտեսական առավելություններով։
«Ես ձեզնից կվերցնեմ այն, ինչն ինձ հետաքրքրում է՝ գազի և նավթի գները, ապրանքներս մինչև վերջնական սպառողը տեղափոխելու հնարավորությունը, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում», – այսպես է նախարարը նկարագրել Երևանի դիրքորոշումը։
Նա ընդգծել է, որ նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից։
