Թիվ 2 տրոլեյբուսի վարորդի վրա հարձակում է տեղի ունեցել։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած Chevrolet մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդն ասել է՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ։ Սա դուր չի եկել մարդատարի վարորդին, որը ագրեսիվ տոնով ասել է՝ «խի՞ ես մուննաթ գալիս»։
Երբ տրոլեյբուսի վարորդն արձագանքել է, թե մուննաթ չի գալիս, խնդրում է, որ ճանապարհ տա իրեն, Chevrolet-ի վարորդը սկսել է վիրավորանքներ հասցնել տրոլեյբուսի վարորդին։ Ավելին՝ նա իջել է մեքենայից, վազել տրոլեյբուսի ուղղությամբ, թքել վարորդի վրա և փորձել դուռը քաշքշելով բացել, որ հաշվեհարդար տեսնի։ Ուղևորները փորձել են հանգստացնել տրոլեյբուսի վարորդին՝ հորդորելով շարունակել վարել մեքենան։
Անցնելով խաչմերուկը՝ վարորդները կանգնեցրել են մեքենաները և իջել: Այդտեղ քաշքշոց է սկսվել երկու վարորդների և մի շարք այլ քաղաքացիների մասնակցությամբ։
Ուղևորների ակտիվ միջամտության արդյունքում տրոլեյբուսի վարորդը շարունակել է իր ընթացքը, սակայն նա տևական ժամանակ չի կարողացել հանգստանալ և զսպել հուզմունքը։
