«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կոչ-հորդոր՝ մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորներին․
Ես ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի։ Ես ձեզ կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության և դատավորի արժանապատվության պաշտպանության համար։
Մի՛ սպասեք, որ ձեզանից յուրաքանչյուրին առանձին կանչեն՝ իր մասնագիտական պիտանիությունն ապացուցելու։
Դատավորի անկախությունը շնորհ չէ, որ իշխանությունը կարող է տալ կամ վերցնել։ Այն սահմանադրական երաշխիք է, որը դուք պարտավոր եք պաշտպանել։
Այսօր է պահը, երբ դատական իշխանությունը պետք է խոսի՝ իր անունից, իր անկախության և իր ապագայի համար։
Որովհետև եթե այսօր չպաշտպանեք դատական իշխանության անկախությունը, վաղը գուցե արդեն ստիպված լինեք պաշտպանել միայն ձեր պաշտոնը։
Դատավորի լռությունը չպետք է դառնա դատական իշխանության անկախության կորստի գինը»»,- գրել է նա։
