Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի եվրոպական շրջագայությունը հայտնվել է լուրջ վտանգի տակ․ նոր համերգներ են չեղարկվել, իսկ մի շարք երկրներ հրաժարվում են նրան հարթակ տրամադրել՝ արտիստի նախկին հակասեմական հայտարարությունների պատճառով։ Շվեյցարիայում «Բազել» (FC Basel) ակումբը, որը կազմակերպում է միջոցառումներ «Սանկտ Յակոբ-Պարկ» մարզադաշտում, հայտարարել է, որ թույլ չի տա ռեփերի ելույթը։ Ակումբի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է կազմակերպության արժեքներով։ Գրում է Radar-ը:
Խնդիրները շարունակվում են նաև այլ երկրներում։ Լեհաստանի մշակույթի փոխնախարար Մարտա Ցենկովսկայան հայտարարել է, որ ռեփերի գործունեությունը հակասում է երկրի արժեքներին՝ ընդգծելով, որ նա բացահայտորեն համակրանք է արտահայտել Ադոլֆ Հիտլերի նկատմամբ և տարածել նացիստական գաղափարներ։ Նախարարը շեշտել է, որ Հոլոքոստի ողբերգական պատմություն ունեցող երկրում նման ելույթները չեն կարող դիտվել պարզապես որպես ժամանց։ Նա նաև ակնարկել է, որ անհրաժեշտության դեպքում Լեհաստանը կարող է արգելել արտիստի մուտքը երկիր։
Այժմ Քանյե Ուեսթի եվրոպական շրջագայության ցանկում մնացել են միայն մի քանի կանգառներ՝ Թուրքիան, Նիդեռլանդները, Իտալիան, Իսպանիաև Պորտուգալիան։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ ռեփերը տարբեր ժամանակներում փորձել է արդարանալ և ներողություն խնդրել՝ անգամ պնդելով, թե իր վարքը պայմանավորված է երկբևեռ խանգարմամբ։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
