Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կատարել է միջազգային բանկերի նկատմամբ ունեցած իր վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ Պետրոսյանն ընդգծել է, որ այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն. ԱՄՆ դոլար։

«Օրերս «ՀԷՑ» ՓԲԸ կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում կատարեցինք։

2025թ. հուլիս ամսվա դրությամբ՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պահին, Ընկերությունն ուներ վարկային պարտավորություններ միջազգային և տեղական բանկերի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները) գծով շուրջ 396,8 մլն. ԱՄՆ դոլարի չափով, որից միայն միջազգային բանկերին՝ շուրջ 123,3 մլն. ԱՄՆ դոլար (ընդ որում. Ընկերության 100% բաժնետոմսերի գրավադրմամբ):

Այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն. ԱՄՆ դոլար, որից միջազգային վարկերի գումարը՝ 93,2 մլն. ԱՄՆ դոլար:

Ըստ այդմ, ժամանակավոր կառավարման շրջանում միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները նվազեցրել ենք մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով (այդ թվում՝ վաղաժամկետ մարումներով)»,– գրել է Ռոմանոս Պետրոսյանը՝ շեշտելով, որ վճարումներն իրականացվել են բացառապես ՀԷՑ-ի սեփական միջոցների հաշվին՝ ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ` առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *