Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Հունիսի 1-ը կարևոր առիթ է՝ ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները և մասնակցության իրավունքը։

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված ընտանիքում, կրթական և այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։

Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում և նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման և գործողության հիմքում։

Սիրելի՛ երեխաներ,

Դուք իրավունքների լիարժեք կրողներ եք։ Ճանաչեք ձեր իրավունքները, իրավական ու էթիկական սկզբունքները նկատի ունենալով՝ ազատ արտահայտեք ձեր կարծիքը և ակտիվ մասնակցություն ունեցեք ձեզ վերաբերելի հարցերի քննարկման ու որոշումների կայացման գործընթացներին։ Ձեր անվտանգ, արժանապատիվ և ներդաշնակ զարգացումը յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավունքահեն հասարակության կարևորագույն նախապայմաններից է։

Սիրելի՛ գործընկերներ ու քաղաքացիներ,

Այս օրը նաև կոչ է բոլոր մեծահասակներին առավել պատասխանատու և հետևողական լինելու երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ու ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու, կրթվելու, ստեղծագործելու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն։

Սիրելի՛ երեխաներ,

Մաղթում եմ ձեզ խաղաղ, անվտանգ և երջանիկ մանկություն, առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններով լի ճանապարհ»։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *