Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մեկ երեկոյի ընթացքում արվեստասերներին երկու պարային ներկայացմամբ է զարմացրել՝ «Լա բոհեմ» և «Տանգո»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումների սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է, բեմանկարչության և զգեստների ձևավորման հեղինակն Աստղիկ Ստեփանյանն է, իսկ փոխադրող բալետմայստերը Նաիրա Հովհաննիսյանն է։
«Լա բոհեմ» մեկ գործողությամբ պարային ներկայացումը նվիրված է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին և բեմադրված է նրա 12 երգի հիման վրա։ Ներկայացումը նրա կյանքի, կերպարի և զգացմունքների գեղարվեստական արտացոլումն է։
«Տանգո» մեկ գործողությամբ պարային ներկայացումը բեմադրված է Gotan Project-ի երաժշտության վրա և բացահայտում է տանգոյի ներքին լարվածությունն ու զգացմունքային դրամատիզմը՝ միավորելով բարձր գեղագիտությունն ու փողոցային պարի էներգիան՝ բեմական հակադրությունների միջոցով։
Բալետմայստեր Նաիրա Հովհաննիսյանի խոսքով՝ շատ երկար են սպասել առաջնախաղերին։ «Ճանապարհը, որով անցանք, եղել է դժվար՝ ամենօրյա տքնաջան և բարդ աշխատանք։ Արտիստները տարբեր խառնվածքներ ունեն, տարբեր ժանրերում են աշխատում, բայց մեզ հաջողվեց նեոկլասիկ ոճի շուրջ համախմբել նրանց։ Սա յուրահատուկ փորձ էր բոլորի համար»,-նշում է նա և հավելում՝առաջին անգամ է բալետային խումբը ելույթ ունենում Պարոնյանի անվան թատրոնի բեմում և առաջին անգամ է պարը ներկայացվում որպես առանձին արվեստի տեսակ։
«Պարողները ներկայանում են իրենց ոճով, իրենց արվեստով, ոչ թե պարզապես լրացնում են դրամատիկ թատրոնի ներկայացումների պարային հատվածները։ Նրանք ներկայանում են որպես ինքնուրույն ստեղծագործական խումբ՝ իրենց տեխնիկայով և կատարողականությամբ»,-ընդգծում է Հովհաննիսյանը։
Մենակատար Կարինա Շիկանյանն էլ նշում է՝ «Տանգոյի» մեջ առաջնային են կիրքն ու էներգիան, որոնք փոխանցվում են շարժման միջոցով, քանի որ այս ժանրում պատմությունը բացահայտվում է հենց զգացմունքով, իսկ «Լա բոհեմ»-ի դեպքում կան լիբրետո, պատմություն և դրամատուրգիա և կարևոր են կերպարի ներքին զարգացումը, զգացմունքային խորությունը։
«Ինձ համար ամենակարևորը բոլոր այս բաղադրիչների միասնությունն էր, քանի որ հենց դրանց համադրությամբ է կերպարը դառնում ամբողջական և կենդանի»,-ասում է նա։
Շիկանյանը Սյուզետի կերպարով է հանդես գալիս։ Նրա բնութագրմամբ՝ այն հավաքական կերպար է, որը հստակ, իրական նախատիպ չունի. այն տարբեր կանանց պատկերների միավորում է, որոնք հանդիպել են Շառլ Ազնավուրի կյանքում:
Բալետի արտիստ Արտակ Զախարյանն էլ կարևորում է թիմային աշխատանքը, որի արդյունքում կարողացել են ճիշտ կազմակերպել գործընթացը։ «Սկզբնական շրջանում մտածում էինք, որ բարդ կլինի, քանի որ նոր փորձ էր մեզ համար, բայց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ինձ թվում է՝ հանդիսատեսին հանձնեցինք այն, ինչ մտածում էինք, նույնիսկ՝ ավելին։ Կարծում եմ՝ նոր ձևաչափը ստացվեց»,-շեշտում է Զախարյանն ու ընդգծում՝ մինչ այդ ներկայացումները հիմնականում հանդես են եկել որպես դրամատիկ ներկայացումների պարային հավելում, իսկ այս անգամ ներկայացել են որպես առանձին պարային խումբ՝ ցույց տալով իրենց ամբողջ ներուժը։
Մենակատար Ահարոն Պետրոսյանի համար ևս հնարավոր չէ տարանջատել, թե ինչն էր ամենակարևորը՝ գաղափարը, արտահայտչականությունը, թե տեխնիկական կատարումը։ «Նման ներկայացումների դեպքում միայն տեխնիկայով սահմանափակվել չի կարելի, քանի որ խոսքը էմոցիոնալ ստեղծագործությունների մասին է։ Մանավանդ կարևոր են անձնական ապրումները, կյանքի փուլերի զգացողությունները, որոնք պետք է ճիշտ փոխանցվեն հանդիսատեսին։ Տեխնիկան կարևոր է, բայց այս պարագայում առաջնայինը էմոցիան է․ հանդիսատեսը պետք է դահլիճից իր հետ տանի զգացողություններ, ոչ միայն տեխնիկական տպավորություն»,-հավաստիացնում է նա։
Պետրոսյանը կարծում է՝ «Լա բոհեմ»-ը օրինակ դառնա երիտասարդների համար՝ ցույց տալով Ազնավուրի անցած դժվարությունների ճանապարհը և այն, որ մարդը չի կոտրվում, այլ այդ փորձառությունը դառնում է շարժիչ ուժ։ Ըստ նրա՝ «Տանգո»-ն ավելի ազատ և էմոցիոնալ ձևաչափ է. յուրաքանչյուր հանդիսատես իր ձևով է ընկալում այն՝ մեկը հիշում է ուրախ պահեր, մյուսը՝ տխուր։ «Այն յուրաքանչյուրին տարբեր զգացողություն է փոխանցում։ Նման ներկայացումը նորություն է թատրոնի խաղացանկում, և վստահ եմ՝ այն կսիրվի հանդիսատեսի կողմից։ Թեև «Տանգո»-ն նախկինում էլ ներկայացվել է օպերային թատրոնի բեմերում և հանդիսատեսի կողմից սիրվել է, այս տարբերակը ավելի յուրովի մոտեցում ունի և չի զիջում նախորդ բեմադրություններին»,-նշում է Պետրոսյանը և կարևորում, որ Պարոնյանի անվան թատրոնն այսօր այն բեմերից է, որտեղ ամբողջական պարային ներկայացում է ներկայացվում։ Նա վստահ է՝ այդ ուղղությունը կլինի շարունակական թե՛ արտիստների, թե՛ հանդիսատեսի համար։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
