Գիտնականները մշակել են փորձարարական դեղահաբ՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի և գիրության բուժման համար, որը գործում է այլ կերպ, քան GLP-1 դասի հանրահայտ դեղամիջոցները, ինչպիսին է Ozempic-ը: Ախորժակը ճնշելու փոխարեն նոր միջոցն ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացները կմախքային մկաններում՝ նպաստելով արյան մեջ շաքարի մակարդակի ավելի լավ վերահսկմանը և ճարպերի այրման ուժեղացմանը՝ միաժամանակ պահպանելով մկանային զանգվածը:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Cell հանդեսում, ներկայացրել են Կարոլինսկայի ինստիտուտի և Ստոկհոլմի համալսարանի մասնագետները:

Գիրության և դիաբետի բուժման նոր մոտեցում

Ի տարբերություն GLP-1 դեղամիջոցների, որոնք ազդում են աղիքների և ուղեղի միջև եղած ազդանշանների վրա՝ նվազեցնելով քաղցի զգացումը  և սովորաբար ներարկվում են, նոր դեղամիջոցն ուղղակիորեն ազդում է կմախքային մկանների նյութափոխանակության վրա։

Նախակլինիկական հետազոտություններում այս միջոցը բարելավել է գլյուկոզայի մակարդակի վերահսկումը և մարմնի կազմությունը՝ առանց GLP-1 թերապիայի հետ հաճախ կապված մի շարք կողմնակի ազդեցությունների, ներառյալ՝ ախորժակի ճնշումը, մկանային զանգվածի կորուստը և ստամոքս-աղիքային խանգարումները։ Եվս մեկ առավելություն է դեղամիջոցի հաբերի տեսքով լինելը։

Վաղ կլինիկական փորձարկումների հուսադրող արդյունքները

Հետազոտողները անցկացրել են I փուլի կլինիկական հետազոտություն, որին մասնակցել է 48 առողջ կամավոր և 2-րդ տիպի դիաբետի տառապող 25 բուժառու։ Ըստ աշխատանքի տվյալների՝ դեղամիջոցն անվտանգ է եղել և լավ է ընդունվել մասնակիցների շրջանում։

Պրոֆեսոր Տուրե Բենգտսոնն ընդգծել է, որ մկանային զանգվածի պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մկանների վիճակը կարևոր դեր է խաղում ինչպես գիրության, այնպես էլ 2-րդ տիպի դիաբետի ժամանակ, ինչպես նաև ուղղակիորեն կապված է կյանքի տևողության հետ։

Մկանային նյութափոխանակության ակտիվացման դեղամիջոց

Դեղամիջոցի հիմքում ընկած է լաբորատորիայում ստեղծված β2 ագոնիստը։ Գիտնականները ձևափոխել են միացությունն այնպես, որ այն ակտիվացնի մկանային հյուսվածքի հիմնական նյութափոխանակության ուղիները՝ ընդ որում նվազագույն ազդեցություն ունենալով սրտի վրա. մի խնդիր, որը երկար ժամանակ սահմանափակում էր β2 ագոնիստների կիրառումը։

Ըստ Շեյն Ս. Ռայթի՝ դեղամիջոցն իրենից ներկայացնում է բուժման սկզբունքորեն նոր մոտեցում և կարող է նպաստել առողջ նիհարեցմանը՝ առանց ներարկումների անհրաժեշտության։

Համակցված կիրառման հնարավորությունը

Քանի որ նոր դեղամիջոցը գործում է GLP-1 դեղամիջոցներից տարբերվող մեխանիզմով, հետազոտողները կարծում են, որ այն կարող է օգտագործվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ գիրության և դիաբետի բուժման գոյություն ունեցող մեթոդների հետ համակցված։

Հաջորդ փուլը կլինի ավելի լայնածավալ II փուլի կլինիկական հետազոտությունը՝ Atrogi AB բիոտեխնոլոգիական ընկերության ղեկավարությամբ։ Գիտնականները հույս ունեն գիրությամբ և 2-րդ տիպի դիաբետից տառապող բուժառուների շրջանում հաստատել նախակլինիկական և վաղ կլինիկական հետազոտություններում ստացված արդյունքները։

Սկզբնաղբյուրը՝ Med.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *