ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հունիսի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Մասնակցում էր ՆԳ նախարարության, ենթակա ծառայությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Քննարկման առանցքում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում ծառայությունների աշխատանքի կազմակերպման և նախարարության համակարգման ներքո գտնվող գործառույթների իրականացման վերաբերյալ հարցերն էին։
Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ծառայությունների կատարած աշխատանքը՝ առանձնացնելով նախընտրական քարոզարշավի շրջանում Ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության ապահովումը, բացահայտված մի քանի տասնյակ ընտրական հանցագործությունների դեպքերը, ինչպես նաև ընտրողների ցուցակների ձևավորման և ճշգրտման աշխատանքները։
Նախարարը նշել է, որ Ոստիկանության գործողությունների միակ չափանիշը պետք է լինի օրենքը, և ընդգծել, որ ծառայողներն այդ սկզբունքով են առաջնորդվել նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։
«Ընտրությունների տրամաբանության մեջ մեր բոլորի ջանքն ուղղված է հերթական անգամ ունենալու ազատ և արդար ընտրություններ։ Մեր քաղաքացին պետք է ազատ ընտրություն կատարի, և մենք պետք է շարունակենք ամեն ինչ անել, որ ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն հանդիպի ձեր սկզբունքային և օպերատիվ արձագանքին։ Ցանկացած հարց կամ դեպք, ինչը կազդի քաղաքացու ընտրական իրավունքի վրա, անմիջապես պետք է արձագանք ստանա,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Նախարարն ընդգծել է հատկապես քվեարկության օրը նույն հետևողականությամբ ծառայության պատշաճ կազմակերպումն ու իրականացումը։
Սկզբնաղբյուրը՝ Armtimesլրատվական կայք
