Ուկրաինայի նախագահը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահին՝ կոչ անելով ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների։
Նամակը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Նամակում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարության ավելի քան 26 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները քաղաքացիական ու տնտեսական համագործակցությունից վերածվել են պատերազմի, հարվածների և կորուստների շուրջ քննարկումների։
Նա պնդել է, որ պատերազմը Ռուսաստանի նախագահի անձնական որոշման հետևանք է, և ընդգծել, որ ուկրաինական կողմը պատրաստ է շարունակել դիմադրությունը, եթե պատերազմը չդադարեցվի։ Բաց նամակում անդրադարձ է կատարվում նաև ռազմաճակատում ռուսական բանակի կրած կորուստներին, Ռուսաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների ազդեցությանը։
«Ձեր իշխանության գրեթե կեսը Դուք անցկացրել եք Ուկրաինայի դեմ պատերազմ վարելով։ Ինչ էլ որ ասեք ՆԱՏՕ-ի, աշխարհաքաղաքականության կամ ռուսաց լեզվի մասին, այս պատերազմը Ձեր անձնական ընտրությունն է, պատերազմ առանց իրական պատճառի։ Պատմությունը հենց այդպես էլ կհիշի այն…։
Ձեր ռեսուրսները զգալիորեն նվազում են։ Դուք այլևս բավարար գումար կամ քաղաքական կապիտալ չեք ունենա՝ ռուսաստանցիների հավատարմությունը գնելու համար այնպես, ինչպես արել եք վերջին 26 տարիներին։ Իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աշխարհը օգնի այդ պահը մոտեցնել։ Ինչպես Դուք եք սիրում ասել՝ «պետք է թվերը հաշվել»…։
Մենք կորցնում ենք մեր մարդկանց, և յուրաքանչյուր կորուստ ցավալի է մեզ համար։ Նույնիսկ եթե ուկրաինական և ռուսական կորուստների հարաբերակցությունը մեկի դիմաց հինգ կամ վեց է, դա մեզ համար մեծ նշանակություն ունի։ Նշանակություն ունի նաև այն, որ Դուք պարբերաբար հետաձգում եք մեր շրջանների, հատկապես Դոնեցկի մարզի գրավման Ձեր իսկ սահմանած ժամկետները։ Եվ այս տարի նույնպես Դուք չեք գրավի այն, բայց մենք Ուկրաինայում չենք ցանկանում հավերժական պատերազմ։ Մենք շատ լավ գիտենք, որ առանց պատերազմի կյանքը անհամեմատ ավելի լավ է, և մենք ցանկանում ենք հասնել դրան։
Համոզված եմ, որ ռուսաստանցիների մեծամասնությունը նույնպես դրական կարձագանքի դրան, և Դուք դա գիտեք։
Շատերը չէին հավատում, որ Ուկրաինան կկարողանա այսքան երկար դիմանալ։ Դուք էլ չէիք հավատում։ Եվ չէին հավատում նաև նրանք, ովքեր խորհուրդ էին տալիս Ձեզ։ Դա սխալ էր։
Դուք չէիք սպասում Ուկրաինայի լիարժեք դիմադրությանը և չէիք կանխատեսում, որ ամեն ինչ այսքան հեռու կգնա, սակայն ահա մենք այստեղ ենք՝ լայնածավալ պատերազմի հինգերորդ տարում։
Մի՛ վախեցեք ընտրել այս պատերազմից դուրս գալու ճանապարհը։ Հենց դա է այժմ Ձեզանից պահանջվում։
Ուկրաինան պահպանել է իր անկախությունը և կպահպանի այն՝ հակառակ բոլոր կանխատեսումներին։
Մենք ստանում ենք աջակցություն, դուք ստանում եք պատժամիջոցներ, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի համար արդարություն չի հաստատվել, այն արդարությունը, որին մենք ձգտում ենք, և որը հնարավոր է իրականացնել։ Մենք թույլ չենք տա, որ հաջողության հասնեն նրանք, ովքեր փորձում են համոզել Ձեզ, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները էապես կթուլացվեն, իսկ Ուկրաինային աջակցությունը զգալիորեն կնվազի առանց Ձեր դիրքորոշման որևէ էական փոփոխության։
Մենք պատերազմը տեղափոխեցինք Ձեր տարածք, և Դուք չէիք կարողանա դիմանալ դրան առանց օգնության։
Դուք Ռուսաստանի առաջին ղեկավարն եք, որը օգնության համար դիմել է Փհենյանին, Դուք ամբողջությամբ կախված եք Չինաստանից նույնպես առաջին անգամ Ռուսաստանի պատմության մեջ…։
Աշխարհը չի հոգնել Ուկրաինայից, ինչպես Դուք երկար ժամանակ հույս էիք փայփայում, բայց աճում է հոգնածությունը Ռուսաստանից, նույնիսկ նրանց շրջանում, ովքեր օգնում են Ձեզ շրջանցել պատժամիջոցները և պահել տնտեսությունը։ Դուք չեք կարող դա չնկատել…։
Ուկրաինան առաջարկում է ավարտել այս պատերազմը։ Դա պետք է արվի ազնվորեն, արժանապատվորեն և այնպիսի երաշխիքներով, որոնք չեն թույլ տա պատերազմի վերսկսումը։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ կենտրոնացած է Իրանի հարցի վրա, և սխալ կլինի պարզապես սպասել, մինչև Եվրոպայում պատերազմը կրկին հայտնվի նրա ուշադրության կենտրոնում։ Ուկրաինան առաջարկում է ավարտել այս պատերազմը մեր և Ձեր միջև ուղղակի երկխոսության միջոցով։ Ես առաջարկում եմ հանդիպում։
Բոլորը լսեցին, թե ինչպես էին Ձեր ներկայացուցիչները ժպտալով ասում, որ ես իբր կարող եմ գալ Մոսկվա, սակայն այս 26 տարիներից հետո ուկրաինացի առաջնորդը Ձեր մայրաքաղաքում անելիք չունի, ինչպես ռուս առաջնորդը՝ Կիևում։
Կան երկրներ, որոնք ավանդաբար հյուրընկալել են առաջնորդներին պատերազմի և խաղաղության հարցեր լուծելու համար։ Շվեյցարիան, Թուրքիան, արաբական աշխարհի երկրները, շատերն ունակ և պատրաստ են հյուրընկալել նման հանդիպում։ Հենց առաջնորդներն են լուծում հիմնական հարցերը։ Այդպես միշտ է եղել և միշտ էլ կլինի։
Ես առաջարկում եմ հստակ ամսաթիվ սահմանել նման հանդիպման համար։
Ուկրաինան պատրաստ է բոլորի դիմաց բոլորի սկզբունքով ռազմագերիների փոխանակման։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն նաև պատերազմի ընթացքում տեղափոխված խաղաղ բնակիչներին և երեխաներին վերադարձնելու համար։
Մենք պետք է որոշենք, թե ինչ ապագա է սպասվում այն ուկրաինացիների և ռուսաստանցիների սերունդներին, որոնք գալու են մեզանից հետո։
Եթե Դուք անձամբ չգաք այն եզրակացության, որ ժամանակն է ավարտել այս պատերազմը, Ուկրաինան կշարունակի պայքարել իր գոյության համար։ Մենք կունենանք մեզ աջակցողներ, բայց Դուք նույնպես ստիպված կլինեք շատ ավելի դժվար պայքարել Ձեր սեփական գոյության համար ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ձեր։
Եվ սա ոչ թե սպառնալիք է ինձնից կամ Ուկրաինայից, սա ռուսական պատմության փաստ է, որը Դուք լավ գիտեք․ երբ Ռուսաստանը հոգնում է, փոփոխություններ են գալիս։ Մենք կարող ենք աշխատել այդ հոգնածությունը խորացնելու ուղղությամբ։ Դուք կարող եք դադարեցնել Ձեր պատերազմը։
Հավերժ հիշատակ բոլոր նրանց, ում կյանքը խլեց այս պատերազմը։
Փառք Ուկրաինային»,- ասվում է նամակում:
