Հայաստանում ջրծաղիկի հիվանդացությունը շարունակում է նվազման միտում ցուցաբերել։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է հիվանդության 4550 դեպք, ինչը շուրջ 2.2 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ  2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել էր ջրծաղիկի 10 210 դեպք, մինչդեռ  2026 թվականին նույն ժամանակահատվածում՝ 4550 դեպք։

Նվազման միտումը նկատվում է նաև Երևանում։ Եթե 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին մայրաքաղաքում գրանցվել էր  5424 դեպք, ապա 2026 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2039, ինչը շուրջ 2.7 անգամ պակաս է։

Մասնագետի խոսքով՝ հիվանդացության նվազումը պայմանավորված է ինչպես ջրծաղիկի պարբերական բնույթով, այնպես էլ հիվանդության դեմ պատվաստումների  ներդրմամբ, որը Հայաստանում մեկնարկել է 2025 թվականի հունվարից։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *