Քրոնիկ սթրեսը վաղուց է համարվում դեպրեսիայի, տագնապային խանգարումների և հոգեկան այլ խնդիրների առաջացման գլխավոր պատճառներից մեկը։ Այժմ գիտնականները նոր տվյալներ են ստացել այն մասին, որ ինտերվալային սովապահությունը կարող է պաշտպանել ուղեղը երկարատև սթրեսի քայքայիչ հետևանքներից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Translational Psychiatry ամսագրում։
Չիբայի համալսարանի Դատական հոգեբուժության կենտրոնի և Չժենչժոուի համալսարանի առաջին կլինիկական հիվանդանոցի հետազոտողների խումբը որոշել է պարզել, թե արդյոք ընդհատվող պասը կարող է մեղմել այս բացասական հետևանքները։
Դրա համար գիտնականները հասուն մկներին ենթարկել են երկարատև հոգեբանական սթրեսի, ինչից հետո կենդանիներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մկները սննդի մշտական հասանելիություն են ունեցել, իսկ երկրորդ խումբը սնվել է միայն որոշակի ժամերին՝ համաձայն ընդհատվող պասի ռեժիմի։
Արդյունքները բավականին խոսուն են եղել. այն մկների մոտ, որոնք սնվել են ընդհատումներով, դեպրեսիվ վարքագծի նշաններն ավելի քիչ են արտահայտված։ Նրանք ավելի ակտիվ են, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում քաղցր սննդի նկատմամբ (ինչը հաճույք զգալու կարողության պահպանման անուղղակի նշան է) և ավելի հեշտ են տանում սթրեսի ազդեցությունը։
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել ուղեղի տարբեր հատվածներում միելինի վիճակին։ Վերլուծությունը ցույց է տվել, որ սննդի մշտական հասանելիություն ունեցող կենդանիների մոտ քրոնիկ սթրեսը զգալիորեն վնասել էր միելինային թաղանթը բարձիկ մարմնում, մեդիալ պրեֆրոնտալ կեղևում և հիպոկամպում. սրանք այն կառուցվածքներն են, որոնք պատասխանատու են հույզերի, հիշողության և որոշումների կայացման համար։ Մինչդեռ ընդհատվող պաս պահած մկների մոտ այս խախտումները շատ ավելի թույլ են արտահայտված։
Այս էֆեկտի մեխանիզմը հասկանալու համար գիտնականներն ուսումնասիրել են նաև կենդանիների աղիքային միկրոբիոմը։ Պարզվել է, որ ընդհատվող պասը էապես փոխել է աղիքային բակտերիաների կազմը։ Որոշ միկրոօրգանիզմներ, մասնավորապես՝ Prevotellamassilia timonensis-ը և Muricoprocola aceti-ն, ուղիղ կապ են ունեցել միելինի ավելի լավ պահպանվածության և կենդանիների դրական վարքագծի հետ։ Միևնույն ժամանակ, Anaeroplasma abactoclasticum բակտերիան ցույց է տվել հակառակ պատկերը։
Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ աղիքային միկրոֆլորայի փոփոխությունները կարող են գործարկել կենսաբանական այնպիսի գործընթացներ, որոնք նպաստում են նյարդային բջիջների միելինային թաղանթի պաշտպանությանն ու վերականգնմանը։ Այսպիսով, աղիքները կարող են շատ ավելի կարևոր դեր խաղալ սթրեսի նկատմամբ ուղեղի դիմադրողականության հարցում, քան նախկինում կարծում էին։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
