Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում հարկային մարմին–հարկ վճարող քննարկումների շրջանակում արձանագրել է գործնականում առաջացած մի շարք խնդիրներ՝ կապված փաստաթղթավորման, հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման, ինչպես նաև Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունների հետ։ Օրենքով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են այդ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք քայլեր, որոնք նպատակ ունեն պարզեցնել գործընթացներն ու բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը։
Ապրանքների վերադարձի դեպքում նախատեսվում է գործարքների ճշգրտման հնարավորություն՝ առանց հետվաճառք ձևակերպելու։ Այն թույլ կտա վերադարձն իրականացնել նույն գործարքի շրջանակում՝ դարձնելով գործընթացն ավելի պարզ և տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները՝ ավելի ճշգրիտ։ Ներկայում, որոշ դեպքերում (օրինակ՝ պիտանիության ժամկետ չունեցող ապրանքների դեպքում), վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, ինչը բարդացնում է գործընթացը և չի արտացոլում իրական պատկերը։ Առաջարկվող փոփոխությամբ նշված խնդիրը կվերացվի։
ՀԴՄ կտրոնով կատարված գնումների վերադարձի դեպքում՝ ԱԱՀ-ի ճշգրտումները կարտացոլվեն վերադարձի ամսվա հարկային հաշվարկներում, այլ ոչ թե վաճառքի ամսվա հարկային հաշվարկներում։ Ներկայում դրանք ներառվում են վաճառքի հաշվետու ամսում, ինչը պահանջում է վերանայել արդեն ներկայացված հաշվարկները՝ առաջացնելով բարդ և ժամանակատար գործընթաց։ Նոր կարգավորմամբ՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի նվազումը կհաշվառվի անմիջապես վերադարձի հաշվետու ամսում, ինչի շնորհիվ հարկային հաշվարկների կազմման ու հարկային մարմին ներկայացման գործընթացը կդառնա ավելի պարզ և հեշտ կառավարելի, ինչպես նաև կկրճատվեն հարկային հաշվարկների ճշտման դեպքերը։
Վերանայվում է շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված անավարտ (կիսակառույց) բազմաբնակարան շենքերի օտարման դեպքում հարկման բազայի որոշման կանոնները։ Առաջարկվում է ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան հաշվարկելիս չկիրառել կադաստրային արժեքի 80 տոկոսի չափով որոշվող մեծությունը (նվազագույն շեմ) ։ Ներկայում հարկման բազայի նվազագույն շեմը որոշելիս հիմք է ընդունվում կառուցվող բազմաբնակարան շենքի ամբողջ կադաստրային արժեքի 80 տոկոսը՝ առանց հաշվի առնելու շինության ավարտվածության աստիճանը, ինչը հանգեցնում է անհամաչափ հարկային բեռի։
4․ ԱԱՀ հաշվառման վերանայման հնարավորություն
Հնարավորություն է տրվում 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն չներկայացրած տնտեսվարողներին մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել համապատասխան հայտարարություն, և այդ տարիների համար հաշվառվել որպես ԱԱՀ վճարող։ հայտարարության համար պարտավոր են մինչև 2026 թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնել համապատասխան դիմում: Միաժամանակ, ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարությունը ներկայացնելու դեպքում կվերահաշվարկվեն հայտարարության չներկայացման հիմքով վարչական ակտերով հաշվարկված հարկային պարտավորությունները, ներառյալ տույժերը և տուգանքները։
5․ Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ԱԱՀ-ի կանոնների պարզեցում
Պարզեցվում են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների (Google, Facebook և այլն) ԱԱՀ-ի վճարման կանոնները՝
ոչ ռեզիդենտ ընկերությունները ԱԱՀ կվճարեն նաև ԱԱՀ չվճարող կազմակերպությունների հետ գործարքների դեպքում՝ բացառությամբ պետության և համայնքների,
ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանը հիմնականում եռամսյակն է, իսկ ԵՏՄ հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքի դեպքում՝ ամիսը,
ԱԱՀ հաշվետվությունները բոլոր դեպքերում ոչ ռեզիդենտ ընկերությունները կներկայացնեն պարզեցված կարգով՝ e-VAT համակարգով։
Փոփոխությունների նպատակն է պարզեցնել ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը։
6․ Կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորմայի բարձրացում
Բարձրացվում է դրոշմավորման ենթակա կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորման՝ 1%-ից դառնալով 2%։ Պատճառն այն է, որ դրոշմավորման ենթակա կաթնամթերքի որակական կորուստը (օրինակ՝ ժամկետի սպառման արդյունքում) տարեկան կտրվածքով ավելի մեծ կարող է լինել, քան համախառն եկամտի 1 տոկոսը։ Փոփոխությունն արտադրողներին թույլ կտա կորուստները կառավարել արդյունավետ և նվազեցնել արտադրական գործընթացում առաջացող ֆինանսական ռիսկերը։
Իրազեկման թերթիկն՝ այստեղ։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
