Երևանի մի շարք վարչական շրջաններում մեկնարկել են մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի հունիսի 22-ի գործակարգավարական նիստում Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրել է, որ մասնավորապես Նոր Խարբերդ թաղամասում մեկնարկել են մսուր-մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։

«Մանկապարտեզն ունենալու է 6 խումբ։ Տանիքում տեղադրվելու է 20 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կառուցվելու է նոր կաթսայատուն, տեղադրվելու է ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային, ջրամատակարարման, ներքին կոյուղու, անձրևաջրերի հեռացման ցանցով, օդափոխության, տեսահսկման համակարգերով»,-ներկայացրել է Թևոսյանը՝ հավելելով, որ բակի բարեկարգման շրջանակներում էլ տարածքը կկանաչապատվի,  կկառուցվեն խաղահրապարակ,  շվաքարան-տաղավարներ, ինչպես նաև կանցկացվի արտաքին լուսավորության ցանց։

Մեկնարկել են նաև Արաբկիր վարչական շրջանի համար  124 և Ավանի մսուր-մանկապարտեզի նոր շենքերի կառուցման աշխատանքները՝ կառուցվել են դրանց հիմքերն ու նկուղների երկաթբետոնե կառուցվածքները, իսկ այժմ իրականացվում է  վերգետնյա հարկերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցումը։

Թևոսյանի տեղեկատվությամբ՝ «Կորեայի ձորի» հատվածում էլ մանկապարտեզի նոր կառուցման ու բակի բարեկարգման նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները շուտով կավարտվեն և կներկայացվեն համապատասխան փորձաքննությունների։

Ավարտական փուլում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *