Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ. Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ. Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:
Հիշեցնենք, որ ի թիվս այլնի՝ 2026 թվականի մայիսի 12-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:
Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Կ. Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանը արգելել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը, վնասել է տան ներքին հարդարումը, այդ թվում՝ հոսանքալարերը, ներքին պատերի և առաստաղի հարդարումը, ամբողջությամբ ապամոնտաժել է սալիկները, մանրահատակը, վնասել է բակի ջրավազանը և տան տանիքի ծածկը:
Վերոնշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի վնաս:
2026 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Կ. Գ.-ի նկատմամբ խափանման միջոց են ընտրվել տնային կալանքը մեկ ամիս ժամկետով և 20 միլիոն դրամ գրավը:
Պետությանը պատճառված վնասի՝ շուրջ 229 միլիոն դրամի վերաբերյալ դատախազը գույքային հայց կներկայացնի դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
