Սնունդը

Այն, ինչ ընտրում ենք, պետք է լինի լիարժեք ու  հաշվեկշռված: Կնշանակի` չպետք է բացառել այս կամ այն մթերքը, որը հատկապես  ազգային խոհանոցի սննդի մշակույթի մաս է կազմում:
Երբեմն զարմանում ենք` հիշելով, որ մեր պապերն ու նրանց պապերը չեն տառապել գիրությունից: Իսկ պատճառը ոչ թե գիտակցված սննդակարգն է եղել, այլ ծանր  աշխատանքը: Այնպես  որ, ոչ թե պետք է սննդաբաժնից հանել այս կամ այն սննդատեսակը, այլ պետք է վերացնել անկրթությունը, ավելի ստույգ` անկրթության ախտանշան հանդիսացող շատակերությունը. մի կերեք ավելի, քան պետք է ապրելու համար:  Ու քանի որ մենք հող չենք մշակում ու քար չենք քաշում, մեզ շատ էլ պետք չէ:

Հաջորդ խորհուրդը փոքր չափաբաժինն է

Նայեք սովորականի պես լցված ձեր ափսեին. հատակը չի՞ երևում: Ուրեմն առաջին ձեր գործը պետք է լինի այն դատարկելը: Լցրեք այնքան, որ ափսեի տակը երևա: Եթե ուզում եք տապակած կարտոֆիլ ուտել, բարի ախորժակ, կերեք, բայց ոչ թե բրգաձև կիտված, այլ մի քիչ, մի բուռ: Կարելի է կոտլետ ուտել` մեկը, ավելի լավ է` դրա կեսը: Տոնական սեղանի շուրջն էլ բավարարվեք ոչ թե մեկ կտոր թխվածքով, այլ դրանից կտրած պատառիկով կամ էլ շատ բարակ շերտով: Դա ավելի լավ է, քան դիմանալը, կամքին բռնանալն ու գիշերը, բոլորի աչքից հեռու, սառնարանը դատարկելը: Շատ կանաչեղեն կերեք:
Մեզ պետք են թե՛ սպիտակուցներ, թե՛ ածխաջրեր  և թե՛ բջջանյութ` վիտամիններով: Սակայն ինչքա՞ն ու ի՞նչ: Մարդն ամենակեր է:

Նախ  հիշենք, որ ուտելուց առաջ մի բաժակ ջուր է պետք խմել. երբեմն ծարավը քաղցի հետ է շփոթվում: Եթե 20-30 րոպե հետո էլ քաղցի զգացումն ուժգնանում է, ապա պետք է թեթևակի ուտել, սակայն ոչ թե հացաբուլկեղեն կամ որևէ բուտերբրոդ, այլ մրգեր, բանջարեղեն: Թեկուզ բանան, չնայած բանանն էլ շատ կալորիական է: Մածուն կամ այլ կաթնամթերք` ըստ ցանկության:  Եթե չեք սիրում, ստիպված եք սովորել:

Նախաճաշ, ճաշ ու ընթրիք

Պետք է ձգտել պարբերականության: Հարկավոր է ուտել հաճախ ու քիչ- քիչ. ասենք` նախաճաշին վարսակաձավար, մինչև ճաշը ընկած ժամանակահատվածում կարելի  է միրգ ուտել, ճաշին` ապուր, ընթրիքին` ձուկ ու աղցան, իսկ  քնելուց 2 ժամ առաջ` տաք կաթ  կամ էլ  մեղրով թեյ: Թեթևությունից բավականություն կստանաք:

Մարզումներ

Երբ ցանկանում ենք ու փորձում ճիշտ սնվել, օրգանիզմը սկզբում ընդվզում է, հետո խորամանկում` կալորիաներ  տնտեսելով: Քանի որ պահեստավորել չի կարող, մեզ կարծես գամում  է բազմոցին  կամ էլ բազկաթոռին. աշխատում ենք քիչ շարժվել ու շատ քնել: Այդ ժամանակ պետք է գնալ մարզասրահ: Սակայն ոչ թե ձևի, այլ հոգու համար: Մարզասրահում անցկացրած ժամանակը պինդ կուշտ ուտելուց հետո անարդյունավետ է, էլ չասած, որ կուշտ ստամոքսով պարզապես անհնար է մարզվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *