«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ»։
Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հարցին, թե արդյոք հիմա կա՞ն նախադրյալներ, որ Հայաստանում իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո կկայունանա, Լեբեդևը դրական է պատասխանել։
«Այո, կարծում եմ, կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը։ Նա մասնակցել և ստորագրել է փաստաթղթեր։
«Մենք հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
