Սթենֆորդի բժշկական դպրոցի հետազոտողները իրականացրել են աշխարհում առաջին պատահականացված վերահսկվող հետազոտությունը, որն ուսումնասիրում է երեխաների շրջանում սննդի ընդունման սահմանափակող/խուսափողական խանգարման (ARFID) բուժման մեթոդները։ Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry ամսագրում հրապարակված այս գիտական աշխատանքին մասնակցել է 6-ից 12 տարեկան 98 երեխա։
ARFID-ը սննդային վարքագծի մյուս խանգարումներից տարբերվում է նրանով, որ հիվանդները չունեն սեփական մարմնի աղավաղված ընկալում։ Դրա փոխարեն երեխաները կա՛մ ընդհանրապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ուտելիքի նկատմամբ, կա՛մ խուսափում են դրանից տագնապի, խեղդվելու վախի կամ նախկինում ունեցած բացասական փորձի պատճառով։ Այս խանգարումը կարող է ի հայտ գալ դեռ վաղ մանկությունից. այն հանդիպում է երեխաների և դեռահասների մոտավորապես 2-6%-ի մոտ և երբեմն ազդում է նրանց աճի ու զարգացման վրա։
Հետազոտության ընթացքում ընտանիքներին պատահականության սկզբունքով բաժանել են երկու խմբի՝ թերապիայի տարբեր մեթոդներ փորձարկելու համար։ Երկու դեպքում էլ չորս ամսվա ընթացքում անցկացվել է 14 առցանց հանդիպում։
Առաջին մոտեցումը ընտանեկան թերապիան է, որը հիմնված է ծնողների ակտիվ մասնակցության վրա։ Այս մոդելում հենց ծնողներն են գլխավոր դեր ստանձնում երեխայի սննդային վարքագիծը փոխելու հարցում. նրանք օգնում են ընդլայնել սննդակարգը, թուլացնում են խուսափողական վարքագիծը և երեխայի մեծանալուն զուգընթաց աստիճանաբար ավելի շատ պատասխանատվություն են փոխանցում նրան։ Հանդիպումներին ներգրավվում են նաև երեխայի քույրերն ու եղբայրները, ինչպես նաև թերապևտները։
Այս պարագայում թերապևտը հանդես է գալիս որպես խորհրդատու, իսկ ծնողները դիտվում են որպես փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ երեխան դիտավորյալ չի ընտրել այս խանգարումը, ուստի կարևոր է տարանջատել նրա անհատականությունը ARFID-ի ախտանիշներից՝ միաժամանակ հետևողականորեն նվազեցնելով սահմանափակող վարքագծի ազդեցությունը։
Երկրորդ մոտեցումը անհատական մոտիվացիոն-հոգեկրթական թերապիան է։ Այստեղ երեխան հանդիպումների մի մասին մասնակցում է առանձին՝ խաղային ու մոտիվացիոն մեթոդների միջոցով։ Նա սովորում է, թե ինչ է ARFID-ը, և քայլ առ քայլ ձևավորում է փոփոխությունների գնալու սեփական ցանկությունը։ Ծնողներն այս տարբերակում ավելի քիչ են ներգրավված. նրանք պարզապես տեղեկատվություն են ստանում խանգարման մասին, սովորում են մեղմել սննդի շուրջ առաջացող կոնֆլիկտները և աջակցել այն փոփոխություններին, որոնց երեխան արդեն ինքնուրույն պատրաստ է։
Արդյունքները ցույց են տվել, որ թեև երկու մեթոդներն էլ նպաստում են ախտանիշների թեթևացմանը, ընտանեկան թերապիան ավելի շոշափելի արդյունք է տվել քաշի ավելացման հարցում։ Այս խմբի երեխաների մոտ գրանցվել է քաշի վիճակագրորեն զգալի բարելավում, մինչդեռ անհատական թերապիայի խմբում նման արդյունք չի նկատվել։ Այդուհանդերձ, երկու մոտեցումներն էլ նվազեցրել են ARFID-ի արտահայտվածությունը, այսինքն՝ ընդհանուր առմամբ բարելավել են սննդային վարքագիծը։ Ընտանեկան թերապիայի արդյունավետությունն առավել ակնառու է եղել խանգարման ծանր ձևեր ունեցող երեխաների շրջանում։
ARFID-ը պաշտոնապես որպես առանձին ախտորոշում է սահմանվել միայն 2013 թվականին և հաճախ սխալմամբ ընկալվում է որպես «ուղղակի քմահաճություն ուտելիքի հարցում»։ Սակայն իրականում այն կարող է հանգեցնել վիտամինների պակասի, աճի տեմպերի դանդաղեցման և առողջական լուրջ խնդիրների, այդ թվում՝ վիտամին C-ի սուր դեֆիցիտի ու ցինգայի զարգացման։ Որոշ դեպքերում այս խանգարումը կապված է հոգեբանական տրավմայի հետ. օրինակ՝ երեխան նախկինում կարող է խեղդվելու վտանգ զգացած լինել կամ ուժեղ ալերգիկ ռեակցիա ունեցած լինել, ինչից հետո կայուն վախ է ձևավորվում սննդի նկատմամբ։ Առողջական խնդիրներից բացի, ARFID-ը զգալիորեն անդրադառնում է նաև առօրյա կյանքի վրա. երեխաները սկսում են խուսափել դպրոցական ճաշերից, էքսկուրսիաներից, ճամբարներից և ցանկացած սոցիալական միջավայրից, որտեղ ուտելիք կա, ինչն էլ սահմանափակում է հասակակիցների հետ նրանց շփումը։
Հետազոտողների խոսքով՝ այս գիտական աշխատանքի կարևորությունն այն է, որ առաջին անգամ ապացուցողական բազա է ստեղծվել կրտսեր տարիքի երեխաների շրջանում ARFID-ի բուժման համար։ Մինչ այս, համակարգված պատահականացված հետազոտություններ գրեթե չէին անցկացվել։
Հեղինակներն ընդգծում են, որ երկու մոտեցումներն էլ արդյունավետ են, սակայն ընտանեկան թերապիան կարող է ավելի արագ կլինիկական արդյունք տալ՝ հատկապես քաշի վերականգնման հարցում, մինչդեռ անհատական թերապիան շարունակում է օգտակար մնալ ախտանիշների նվազեցման և սննդի հանդեպ վերաբերմունքի բարելավման համար։
Սկզբնաղբյուրը՝ Med.news լրատվական կայք
