«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում իրականացվող վերականգնման և մաքրման աշխատանքների արդյունքում նոր բացահայտումներ են ի հայտ գալիս։ Այս տարի, թեև հնագիտական պեղումները դեռ չեն մեկնարկել, հնագետների վերահսկողությամբ իրականացվող մաքրման աշխատանքների ընթացքում արդեն հայտնաբերվել են 12-14-րդ դարերով թվագրվող բացառիկ գտածոներ՝ մարդկային կմախք, Թամար թագուհու ժամանակաշրջանի մետաղադրամ, գոտու ճարմանդ, ինչպես նաև միջնադարյան տամա խաղի (շաշկիի նախատիպ) ենթադրյալ խաղաքարեր։

«Ամբերդ» հնագիտական արշավախմբի ղեկավար Արտավազդ Զաքյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գտածոները լրացնում են Ամբերդի մասին նախկինում հայտնի պատմական տվյալները։ Նա ընդգծեց՝ վերականգնման աշխատանքներն անհնար է պատկերացնել առանց հնագիտական մշտական վերահսկողության, քանի որ յուրաքանչյուր մաքրվող հատված կարող է նոր տեղեկություն տալ ամրոցի պատմության մասին։

«Երեք տարվա աշխատանքների  ընթացքում հայտնաբերվել են խեցեղենի բեկորներ, ճրագամաններ, նիզակի ծայրակալներ, աշխատանքային գործիքներ, դրամներ, մարդկանց և կենդանիների կմախքների մնացորդներ, ինչպես նաև ճարտարապետական բազմաթիվ դետալներ։

Այս տարվա ամենաուշագրավ գտածոներից են երիտասարդ մարդու՝ գրեթե ամբողջական կմախքը, Թամար թագուհու ժամանակաշրջանի մետաղադրամը, գոտու ճարմանդն ու միջնադարյան խաղի մասունքները»,-ասաց նա։

Զաքյանը նշեց, որ բոլոր առարկաները դեռ պետք է անցնեն մաքրման, կոնսերվացման և վերականգնման փուլերը, ինչից հետո կքննարկվի դրանք Ամբերդի տարածքում ցուցադրելու հնարավորությունը։

Նրա խոսքով՝ առաջին անգամ այստեղ պեղումներ իրականացվել են 1930 թվականին  Հովսեփ Օրբելու կողմից։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *