Վախճանվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին անձանցից մեկը՝ 112-ամյա Մերի Վարդանյանը, հայտնում է Zartonk Media-ն՝ հղում անելով նրա թոռնուհի Նատալի Վարդանյանին։

Վարդանյանը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում՝ Մերի Ուզկուշյան անունով։ Նա լույս աշխարհ էր եկել Հայոց ցեղասպանությունից քիչ առաջ և մանկության տարիներին վերապրել էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված բռնությունների առաջին տարիները։ Ազգականի՝ բժիշկ Գարաբեդ Եսայանի ընտանիքի աջակցության շնորհիվ նրա ընտանիքը կարողացել էր խուսափել տեղահանությունից։ 1920-ականների սկզբին Ուզկուշյանների ընտանիքը հեռացել էր Այնթապից և տեղափոխվել Հալեպ՝ թողնելով տունն ու գրեթե ամբողջ ունեցվածքը։

Վարդանյանն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ջամեյկա Փլեյնի հայկական խնամքի և վերականգնողական կենտրոնում։ Նա մեծ ընտանիք է թողել սփյուռքում՝ երեխաներ, ավելի քան մեկ տասնյակ թոռներ և ծոռներ։ Zartonk Media-ն նրա մահը բնութագրել է որպես Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին վկաներից մեկի կորուստ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *