Լիանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է երկրի հարավում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և Վաշինգտոնում ստորագրված հաշտության համաձայնագրի կատարմանն Իսրայելին հարկադրելու անհրաժեշտության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
«Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ գնդակոծումները, ռմբակոծությունները, տների քանդումն իր օկուպացրած հարավային շրջաններում», – նշել է պետության ղեկավարը։
«Ես բանակցությունների գնացի՝ դադարեցնելու ավերածությունների և ոչնչացման իսրայելական ռազմական մեքենան, նվազեցնելու մարդկային զոհերը և վերջնական հաշվով վերջ դնելու օկուպացմանը, – նշել է քաղաքական գործիչը։ – Այդ քայլը պաշտպանել է լիբանանցիների մեծ մասը, ներառյալ շիաների համայնքը, որը մեծ գին է վճարել պատերազմի համար»։
Աունի խոսքով՝ «չնայած խոչընդոտներին և դժվարություններին, գործերը բանակցային գործընթացում շարժվում են ճիշտ ուղղությամբ»։
Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ բանակցությունների հինգ փուլից հետո, որոնք տեղի են ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո։ Դրան համապատասխան՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն «արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ»։
