Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի, որի սպասվող հրաժարականի մասին հայտնի է դարձել նախօրեին։

Ուկրաինայի մայրաքաղաքում ակցիայի մասնակիցները հավաքվել են Իվան Ֆրանկոյի անվան հրապարակում։ Ինչպես գրում է «Սուսպիլնե»-ն, ցույցի մասին հայտարարել էր վետերան և նախկին մարտական բժիշկ Դմիտրի Կոզյատինսկին։ Մարդիկ եկել են պաստառներով՝ վանկարկելով «Վերադարձրե՛ք Ֆյոդորովին», «Ամո՛թ», «Սիրսկի՛, հրաժարական տուր» կարգախոսները։

Ակցիաներ են սկսվել նաև Իվանո-Ֆրանկովսկում, Վինիցայում, Լուցկում, Խմելնիցկիում, Լվովում, Ուժգորոդում, Դնեպրում, Տերնոպոլում և Օդեսայում։

Ֆյոդորովի սպասվող հրաժարականի ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել գնդապետ Պավել Ելիզարովը։ Նա իր այս որոշումն ուղղակիորեն կապել է նախարարի պաշտոնանկության հետ.

«Ցավոք, պատերազմի հինգերորդ տարում ես Ուկրաինայի զինված ուժերից զորացրվելու զեկուցագիր գրեցի։ Կարծում եմ՝ Միխայիլ Ֆյոդորովի պաշտոնանկությունը մեծ չարիք է երկրի պաշտպանական ներուժի համար։ Փա՛ռք Ուկրաինային»։

Ինչպես նշում է Ուկրաինսկայա պրավդան, Ելիզարովին ՈւԶՈւ Ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնում հունվարին նշանակել էր հենց Ֆյոդորովը։

Միխայիլ Ֆյոդորովը պաշտպանության նախարար էր նշանակվել 2026 թվականի հունվարին։ Նրա հրաժարականի մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել, սակայն նախարարը փաստացի հաստատել է իր հեռանալը՝ սոցցանցերում գրելով. «Մեծ պատիվ էր պաշտպանության նախարարի պաշտոնում ծառայել ուկրաինացի ժողովրդին»։

Ֆյոդորովի հրաժարականը տեղի է ունենում Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխությունների ֆոնին։ Հուլիսի 14-ին Գերագույն ռադան ընդունել էր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականը։ Ակնկալվում է, որ նախարարների կաբինետի նոր կազմը կհայտարարվի հինգշաբթի՝ հուլիսի 16-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադայի հաստատմանն է ներկայացրել «Նաֆտոգազ»-ի ղեկավար Սերգեյ Կորեցկու թեկնածությունը։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *