Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրականություն դառնան, երկրի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։
«Եթե ԱՄՆ բանակի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի կողմից վերջերս հնչեցված սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն՝ տարածաշրջանի ողջ ենթակառուցվածքը, կոչնչացվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որի բովանդակությունը մեջբերում է իրանական «Fars» գործակալությունը։
Հայտարարության տեքստի համաձայն՝ Հորմուզի նեղուցն Իրանի համար կարմիր գիծ է, և երկիրը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն միջամտի դրա կառավարմանը։
Ավելի վաղ Թրամփը հանդես էր եկել Իրանի ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքներով, սակայն հայտարարել էր գործարքի հասնելու պատրաստակամության մասին։
